20/05/2014 19:10
ԴԱՀԿ-ը մանրամասնում է համալիրի վաճառքի մասին տեղեկությունները
ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արձագանքել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու մասին հրապարակումներին, որում նշվում է հետևյալը.
«2014թ. ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:
Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում 15.04.2014թ. վերսկսվել է հայցի ապահովման վերաբերյալ նախկինում ավարտված կատարողական վարույթը, և 16.04.2014թ. որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին` կատարողական թերթում նշված գույքի գնահատման նպատակով:
Փորձագետի եզրակացությամբ նշված գույքը գնահատվել է 25.800.000.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով 05.05.2014թ. որոշում է կայացվել գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19.350.000.000 ՀՀ դրամ` ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
Պարտապան «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաբերյալ 20.05.2014 թվականի դրությամբ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր 511.992.968 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով»:
Նախորդող հրապարակումներ` Մկրտիչ Մինասյան. Մարզահամերգային համալիրը աճուրդի հանելը նորմալ երևույթ է
Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի