20/05/2014 11:43
Մկրտիչ Մինասյան. Մարզահամերգային համալիրը աճուրդի հանելը նորմալ երևույթ է
Մարզահամերգային համալիրը աճուրդի հանելը միանգամայն նորմալ երևույթ է և օրենքի խախտում չկա: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ըստ երևույթին, ներկայիս տերերը՝ Մուրադյանները, այլևս չեն ցանկանում այն շահագործել, սակայն հարց է, արդյոք կգտնվի՞ նման մեկը, ով կունենա նման հնարավորություններ և կցանկանա ստանձնել այդ պարտականությունը:
«Օրենքի որևէ խախտում չկա, այն Գաֆեսճյանի և Կասկադի նման կառույց է, որը վաճառքից հետո էլ պետք է ծառայի որպես մարզահամերգային համալիր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով աճուրդ է հանվել մարզահամերգային համալիրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության harkadir.ajurd.am կայքից: Աճուրդը սկսվել է մայիսի 19-ից ավարտվելու է մայիսի 29-ին, կայքում դեռևս առաջարկներ չեն տեղադրված:
Կայքում տրված է նաև մարզահամերգային համալիրի նկարագրությունը, ըստ որի, այն յոթ հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտրոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով:
Նախորդող հրապարակում՝ Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի