21/05/2014 13:11
Մարի Դոզե. Վ. Պետրոսյանի գործով դատարանի որոշումը կարող է ծիծաղ առաջացնել
Վարդան Պետրոսյանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:
«Ես չգիտեմ՝ արդյոք 5 կամ 6 տարի հետ դա կլինի, բայց այս գործով ՄԻԵԴճը վճիռ է կայացնելու: Ինչո՞ւ եմ այսքան վստահ ասում, որովհետև Ֆրանսիայի դեմ ևս նման գործով վճիռ է կայացվել»,- ասաց նա:
Մ. Դոզեի խոսքով՝ ինքը չգիտի՝ արդյոք այս գործը արտացոլո՞ւմ է ՀՀ արդարադատական համակարգի պատկերը, սակայն, ըստ նրա, Հայաստանում այս գործի քննության ընթացքում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի մի քանի դրույթներ:
«Ես պնդում եմ և հաստատում եմ, որ այս դատավարությունը ընթանում է Եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Կոնվենցիայի խախտում է, երբ մարդուն չեն մեղադրում մի հանցանքի համար, սակայն հետո ասում, որ նա այդ հարցում ևս պետք է մեղադրվի: Կոնվենցիայի ոտնահարում է, երբ երկարաձգում են կալանքը՝ առանց ասելու՝ ինչո՞ւ և ինչքա՞ն ժամանակով, ինչպես նաև՝ Կոնվենցիայի ոտնահարում է, երբ խառնվում են մեղադրող կողմն ու տուժող կողմի փաստաբանը: Ես մինչև հիմա չեմ կարողանում տարբերակել նրանց»,- ասաց փաստաբանը:
Մ. Դոզեի խոսքով՝ դատարանի երեկվա որոշումը, որով մերժվեց Վ. Պետրոսյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելու միջնորդությունը, կարող էր ծիծաղ առաջացնել, եթե մարդու ազատությանը չվերաբերվեր:
«Նախ փաստենք, որ ոչ թե մեղադրյալը պետք է իր անմեղություն ապացուցի, այլ մեղադրող կողմը՝ նրա մեղավորությունը: Կարծում եմ, որ ամիսներ շարունակ իրերը գլխիվայր են շուռ տված ներկայացվում: Դատարանի երեկվա այս որոշումը ծիծաղ կարող էր առաջացնել, եթե խոքը չվերաբերվեր մարդու ազատությանը: Վերջապես 2 հիմք է ներկայացվել, թե ինչո՞ւ է Վ. Պետրոսյանը կալանքի տակ: Այսինքն՝ դատարանը ասում է, որ նախանական կալանքը պետք է շարունակցվի, քանի որ փախուստի վտանգ կա, սակայն հայտնի չէ, թե ի՞նչ փախուստի վտանգ է, որևէ մեկը չգիտի թե ինչո՞ւ կամ ո՞վ կարող է վկաների վրա ճնշում գործադրել, հատկապես նրա, ով պետք է խոսի Վ. Պետրոսյանի հարբածության մասին»,- ասաց նա:
Մ. Դոզենի խոսքով՝ Ֆրանսիայում ուսումնասիրելով գործի նյութերը, ինքը չէր հասկանում, թե ի՞նչ կապ ունի ալկոհոլը այս գործում, որովհետև անհասկանալի է, եթե Վ. Պետրոսյանին դրանում չեն մեղադրում, ինչո՞ւ են միայն դրա մասին խոսում:
«Տուժող կողմի ներկայացուցիչները անընդհատ բացականչում էին դատարանի դահլիճում՝ ասա’, որ խմած ես եղել, նախորդ նսիտին էլ ասացին ՝ թշվառ հարբեցող: Հիմա հասկանում եմ, որովհետև առանց դրա ստիպված կլինեն ընդունել Վ. Պետրոսյանի անմեղությունը»,-ասաց փաստաբանը:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ