23/05/2014 09:21
Վնասվել է ՌԴ-ՀՀ գազատարը, որն ապահովում է գազամատակարարման 90 տոկոսը
«Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Ռազմա-վրացական ճանապարհը առաջիկա ամիսներին փակ կլինի։ Պատճառը մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհին՝ Թերեք գետի ափին, տեղի ունեցած փլվածքն է։ Դրա հետևանքով փակ է նաև ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը։
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ այս մասին երեկ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Նշենք, որ դա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային գործող ճանապարհն է և խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հենց այս ճանապարհն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության հիմնական մասը, իսկ վերջին տարիներին այս ճանապարհով ինտենսիվ ուղևորափոխադրումներ էին կատարվում երկու երկրների միջև։
150 մետր երկարություն, 70 մետր լայնություն և 40 մետր խորություն ունեցող այս փլվածքի պատճառով վնասվել է նաև Ռուսաստան-Հայաստան գազատարը, որով ապահովվում է Հայաստանի գազամատակարարման հիմնական ծավալը՝ մոտ 90 տոկոսը։ Գազատարի վերականգնումը, թերթի տեղեկություններով, ավելի շուտ կավարտվի: