26/05/2014 21:11
Կոտրել են Հայր Կոմիտասի մեքենան. Երկտող Ավետարանչական եկեղեցո՞ւց. Լուսանկար
Երևանի Ավետարանական Եկեղեցու հովիվ Վերապատվելի Լևոն Բարդակչյանի ընդդեմ Կոմիտաս վարդապես Հովնանյանի դեմ կատարած հայտարարությունից որոշ ժամանակ անց վարդապետի տան մոտ հարձակվել են նրա մեքենայի վրա: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոմիտաս վարդապետը՝ մանրամասնելով, որ ամբողջությամբ ջարդուփշուր են արել մեքենայի ապակիները, վնասել են որոշ աքսեսուարներ, գողացել են նվագարկիչը: Այս ամենի հետ մեկտեղ, «բարի կամքի դեսպանները» մեքենայում թողել են նաև մի գրություն, որտեղ նշված է եղել «Որտեղ քոնը կասես, էնդեղ էլ Բարդակչյանինը»:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կոմիտաս վարդապետը նշեց, որ սա խոսում է այն մասին, որ քրիստոնեական սիրո գաղափարախոսությունը հասել է այնտեղ, որ մարդիկ նոր խաչակրաց արշավանք են սկսել միմյանց դեմ: «Սկսում ես մտածել, որ Քրիստոսի սիրո քարոզչությունը ոչ թե ժողովրդին տանում է դեպի փրկության, այլ փրկության անվան տակ՝ դեպի ատելություն»:
Վարդապետը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 23-ին: «Սրանով ավելի շատ փորձել են ինձ վնաս հասցնել ու ինչ-որ բան ասել: Գողությունից կրած վնասները մեծ չեն: Ում են պետք բոլոր այն շարժումները, որոնք չեն ծառայում ո՛չ ժողովրդին, ո՛չ ազգին, այլ ծառայում են այլոց շահերի պաշտպանության և այդ կերպ քո իսկ ազգի պառակտմանն ու քայքայմանը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դեպքի մասին տեղյակ է պահել նաև իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Վերապատվելի Լևոն Բարդակչյանը լուրեր էր տարածել, որ ոմն երիտասարդ դանակի սպառնալիքով ներխուժել էր իր գրասենյակ և դանակահարության փորձ կատարել, որի պատճառը եղել է Կոմիտաս Վարդապետի` իր դեմ ուղղված հայտարարությունը:
Լուսանկարները Aysor.am-ին է տրամադրել Կոմիտաս վարդապետը: