26/05/2014 13:15
Իրանի և Հայաստանի միջև շաբաթական 50 օդային թռիչք կիրականացվի
Իրանի և Հայաստանի միջև շաբաթական 50 օդային թռիչք կիրականացվի: Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության իրավաբանական և միջազգային հարցերի վարչության պետ Մոհամմադ Սաիդ Շարաֆին:
Իրանցի պաշտոնյան, վկայակոչելով օրերս Իրանի և Հայաստանի միջև ստորագրված ավիացիայի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը, նշել է, որ այսուհետ Իրանի և Հայաստանի միջև իրականացվող օդային թռիչքները կավելենան 17 անգամ:
Հուշագրի համաձայն՝ նախատեսվում է վերացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում գործող թռիչքների հաճախականության, սպասարկվող երթուղիների և տարողության սահմանափակումները: Այսպիսով երկու երկրների ավիաընկերությունների համար կստեղծվի բարենպաստ, ազատ մրցակցային միջավայր և ավիացիոն փոխհարաբերությունները խորացնելու լայն հնարավորություն:
Նշենք, որ ներկայում Երևան-Թեհրան-Երևան թռիչքի տոմսի արժեքը կազմում է 130 հազար դրամ. Թռիչքներն իրականացնում են իրանական «Ասեման» և «Մահան» ավիաընկերությունները: