26/05/2014 13:00
Փաշինյանի տպավորությունը. Գործում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքը
«Արտաքին պարտքի սպասարկման առումով 2013-ն աննախադեպ տարի էր, քանի որ այն սպասարկելու համար վճարվել է 861 մլն դոլար: Հաջորդ նման պիկը սպասվում է 2020-ին, երբ մարելու նպատակով վճարելու ենք ավելի քան 1 մլրդ դոլար»,- 2013-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
ԿԲ նախագահից պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ են նպատակահարմար այսպիսի պիկերը և արդյոք չարժե՞ բանակցել, որպեսզի մարման վճարները ավելի սահուն աճ արձանագրեն: Ներկայացնելով վերջին երկու տարվա մարումները՝ Ն. Փաշինյանը նկատեց, որ կտրուկ աճ է արձանագրվել, ինչը, Փաշինյանի խոսքով, լուրջ խնդիր է. «Հետաքրքիր է` այսպիսի կտրուկ վերելքները արդյոք վնաս չե՞ն հասցնում»:
Ա. Ջավադյանը, համաձայնելով, որ այս հարցում որոշակի պիկ կա, ասաց, որ Հայաստանի ռեզերվների կառուցվածքը համահունչ է պետության արտաքին պարտքի կառուցվածքին:
«Պետությունը հաշվի է առնում բոլոր պիկերը, բայց Հայաստանն ունակ կլինի մարելու»,- հավաստիացրեց նա:
Իր հերթին ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ պարզաբանեց, որ այդ պիկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունն իրականացրել է ՌԴ-ից ստացած 500 մլն դոլար վարկի վաղաժամկետ մարում, իսկ իրականացվել է մարումը ի հաշիվ մեկ այլ արտաքին պարտք ներգրավելու:
«Պետական պարտքի կառավարման ու համահունչ մարման խնդիրը կառավարության կողմից լուծված է»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե Ջավադյանի պատասխանից հասկանացել է, որ կայացվել է քաղաքական որոշում և մարումը տեղափոխվել 2020թվական՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով»:
Նախորդող հրապարակում՝ 2013-ի բյուջեի կատարողականը՝ ԱԺ-ում. Հարց մութ պատմությունների մասին