26/05/2014 14:26
Վահագն Խաչատրյան. Կառավարության նոր ծրագրին դժվար է որևէ գնահատական տալ
Կառավարության նոր ծրագրում ընդամենը երեք թիվ կա՝ տնտեսական աճ, աղքատության ցուցանիշի նվազում և աշխատավարձի ավելացում: Այնպես որ դժվար է այդ ծրագրին որևէ գնահատական տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ծրագիրը հնարավորություն չի տալիս թվային առումով պատկերացնել, թե մեզ ինչ է սպասվում: Ոչ ոք ինձ չի կարող ասել, թե 5 տոկոսանոց տնտեսական աճն ինչ է տալու Հայաստանին և Հայաստանի բնակչությանը: Սա ոչինչ չասող թիվ է»,- ասաց Վահագն Խաչատրյանն՝ ընդգծելով, որ նոր կառավարությունը նախկինի շարունակությունն է.
«Պետք է ոչ թե կառավարություն փոխվեր՝ այլ լինեին համակարգային փոփոխություններ: Այս իշխանության համար գործելաոճ է դարձել՝ պատասխանատվություն չկրել և թողնել հեռանալ: Այս իշխանությունը չի ցանկանալու իր ոճը փոխել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ գործող վարչապետը և կառավարության մյուս անդամները դեռ երկար իրենց անհաջողություններն արդարացնելու են նախորդ կառավարության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելով: