26/05/2014 11:27
2013-ի բյուջեի կատարողականը՝ ԱԺ-ում. Հարց մութ պատմությունների մասին
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել է 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացումը:
Բյուջեի կատարողականը պատգամավորներին է ներկայացնում ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ատոմ Ջանջուղազյանից ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կառավարությունը հաշվարկե՞լ է, թե առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը 2013-ին որքան է կազմել:
«Ունե՞ք տվյալ, թե առաջին անհրաժեշտության ապրանքներրի գնաճը որքա՞ն է. Այն չի եղել 5.8 տոկոս, հաստատ մի քանի անգամ ավելի է եղել»,- մասնավորապես ասաց ԲՀԿ պատգամավորը:
Ա. Ջանջուղազյանն ասաց, որ պարենային ապրանքների վերաբերյալ այս պահին իր ձեռքի տակ առանձին տվյալներ չկան:
Բացի այդ՝ ԲՀԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչի՞ վրա է ծախսվել Ռուսաստանից ստացած 500 մլն դոլար վարկը:
«Խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ եղավ գումարը, վարկի հետ կապված մութ պատմություններ կան, արդյոք այն արդյունավե՞տ է ծախսվել»,- հարցրեց Ն. Զոհրաբյանը:
Ի պատասխան երկրի գլխավոր գանձապետը խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ մութ պատմություններ նկատի ունի պատգամավորը:
Ն. Զոհրաբյանը պարզաբանեց, որ ասածն այն է, որ վարկերը տրվել են տարբեր գործարարների, իշխանավորների մերձավորների և այլն:
Ա. Ջանջուղազյանը նշեց, որ վարկի մասին տեղեկատվությունը միշտ հրապարակվել է և բաց. դրա մի մասը ծախսվել է աղետի գոտու վերականգնման վրա, վարկի մի հատվածը բյուջեի ծախսային ծրագրերին է ուղղվել, մյուսը՝ վարկերի տրամադրմանը.
«Վարկի մեծ մասը՝ 74 մլրդ դրամը, տրամադրվել է ԿԲ-ին»,- ասաց Ջանջուղազյանը: