27/05/2014 10:13
Սերժ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
Մայիսի 29-ին սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին նիստի կազմակերպիչների կողմից հրավեր ուղարկվել է, սակայն տեղեկություն չկա, թե վերջինս կմասնակցի՞ այդ նիստին, թե ոչ:
Այս մասին երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով նիստին մասնակցելու է որպես փորձագետ: Վերջինս հայտնել է, որ նիստի կազմակերպչական հարցերի վերաբերյալ այդքան էլ տեղեկացված չէ: «Գիտեմ, որ հրավեր եղել է, սակայն թե ովքեր և ինչ ձևաչափով կմասնակցեն՝ չգիտեմ»,- ասել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ներկա լինելո՞ւ է այդ նիստին Սերժ Սարգսյանը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանի հետ երեկ թերթին չի հաջողվել կապ հաստատել, քանի որ, ինչպես տեղեկացրեցին նախարարության լրատվական բաժնից, նա մեկնել է Աստանա մասնակցելու ԵՏՄ-ի նիստին: