29/05/2014 12:11
Երևանի ոստիկանապետը «Հին Էրիվանի» տիրոջը խոստացել է պարզել կատարվածը
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանը օրերս իր մոտ է հրավիրել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: Մ. Տեր-Առաքելյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն հրավիրել էին «Հին Էրիվան» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի մանրամասները ճշտելու համար:
«Երևանի վարչության պետը խոստացավ ներքին քննություն կկատարել և պատժել մեղավորներին: Նախկինում իր հետ շփման առթի չեմ ունեցել և բարոյական իրավունք չունեմ չվստահելու Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքին»,-ասաց նա:
«Հին Էրիվանի» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ մայիսի 23-ին ժամը 23:00-ին, ռեստորանային համալիր էին ներկայացել մի շարք ոստիկաններ, որոնք ավելի քան 2 ժամ շրջել էին ռեստորանում, ինչի պատճառով էլ հաճախորդները լքել էին ռեստորանը:
Ոստիկանները սա պատճառաբանել էին որոշակի ժամից հետո աղմկելու արգելքով, սակայն այդ արգելքը վերաբերվում է բացօթյա հաստատություններին, իսկ «Հին Էրիվանը» արտոնագրով իրավունք ունի ռեստորանային ծառայություններ մատուցել 24 ժամ: