30/05/2014 13:35
Խոշոր գործարարները գներն արհեստականորեն բարձրացնում են. Հրաչ Բերբերյան
Հայաստանի ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանi կարծիքով՝ խոշոր գործարարներն արհեստական սկսել են գները բարձրացնել:
Նրա խոսքով՝ այս օրերին անհիմն թանկացել է ալյուրը: Նա նշեց, որ թեև Հայաստանն ունի մեծ քանակությամբ պահեստավորված ցորեն, այդուհանդերձ ալյուրն 8%-ով թանկանում է: «Ես չեմ հասկանում, թե ինչի հաշվին է այն թանկանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց նա:
Անդրադառնալով գյուղատնտեսական տարուն՝ Բերբերյանը այստեղ որոշակի հակասություններ նկատեց: Թեև տարին հայտարարվել էր սակավաջուր, բայց նրա համոզմամբ՝ դա ևս անհիմն է արված:
«Ցավալի է, որ այս սեզոնին Երևանյան լիճը դատարկվել ու լցվել է Արաքս: Եթե պետք է, որ այդ ջրերը հարևան հանրապետություն գնան, դա այլ հարց է»,-ասաց բանախոսն ու հավելեց, որ սակավաջուր տարի հայտարարելու համար կամ տգետ պետք է լինել կամ երկրի թշնամի: Նրա կարծիքով՝ նպատակը Սևանից ջուր վերցնելն է:
Բերբերյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության համար իրոք տարին անհաջող է, բայց նա գտնում է, որ աննախադեպ բերք կլինի և հաստատ հաղթանակով տարին կավարտվի:
Նա նաև նշեց, որ կարտոֆիլի արտահանումը շարունակվում է: «Կարտոֆիլը միշտ կայուն կլինի, և իրենք մտադրություն ունեն այդ առումով Հայաստանը դարձնել Հոլանդիա: Ծիրան կլինի ընդհանուր բերքի 10-15%-ը, միջին գինը 500-1000 դրամ, և բոլորն էլ մի-մի կիլոգրամ կուտեն»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է լուրջ ու անհանգստացնող խնդիրներին՝ ապա նա շեշտեց, որ մորմազգիների ցեցն է անհանգստացնողը. «Մենք ունենք մորմազգիների ցեց, մեզ քիմիական պայքար է պետք, որ մորմազգիների դեմ պայքարենք: Ասում են՝ գյուղացին թող ցեցի դեմ պայքարի, բայց այստեղ պետք է օդային պայքար»,-ասաց նա: