02/06/2014 17:36
Վալերի Օսիպյանը համոզված է՝ եղբոր որդին դանակահարության հետ կապ չունի
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համոզված է, որ իր եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը որևէ առնչություն չունի մամուլում առկա տեղեկատվության հետ:
Վ. Օսիպյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քննությունը կպարզի իրականությունը:
«Ամեն դեպքում օրենքի առաջ բոլորը հավասար են»,-ասաց նա:
Հարցին՝ մամուլում առկա տեղեկության համաձայն՝ նա չի հերքել, որ իր եղբոր որդին մասնակցել է վիճաբանությանը, նա պատասխանեց. «Ես համոզված եմ, որ նա առնչություն չունի այս դեպքի հետ և մամուլում առկա տեղեկությունը ճիշտ չէ: Ամեն դեպքում քննություն է տարվում, որը կպարզի կատարվածը»:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում այս գիշեր դանակահարվել է 22-ամյա Վ. Ա.-ն: ՀՀ ոստիկանության լրատվական տեղեկացմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըկամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերվելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Էրեբունի ԲԿ-ից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ գիշերը իրենց մոտ տեղափոխված Վանուշ Ալեքսանյանի վիճակը գնահատվում է ծանր:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է:
Նախորդող հրապարակում՝ Երևանում այս գիշեր 22-ամյա երիտասարդ է դանակահարվել. Վիճակը ծանր է