04/06/2014 15:16
«Իրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերության զարգացումը շատ ձեռնտու է մեզ»
Հայ-իրանական սահմանին նոր տնտեսական գոտու ստեղծումը կարող է արդյունավետ լինել, սակայն դա դեռ ծրագիր է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով՝ Իրանի հետ Հայաստամնի ցանկացած տնտեսական հարաբերության զարգացումը շատ ձեռնտու է, հատկապես, եթե խոսքը ազատ տնտեսական գոտու մասին է, քանի որ Իրանը մեր վստահելի գործընկերն է շարունակում մնալ:
Կ. Ճշմարիտյանը ասաց, որ այդ ծրագրով հետաքրքրված են նաև սփյուռքում ապրող գործարարները և համագործակցությունը կարող է լինել թե արդյունաբերության, թե մի շարք այլ ոլորտներում:
«Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հայկական կողմից օպերատոր է հանդես գալու Հայկական առևտրաարդյունաբերական պալատը»,-ասաց նա:
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կանդրադառնան Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաները այս գործընթացի վրա, նա ասաց, որ դա երբևէ չի խանգարել մեր երկրների համագործակցությանը, քանի որ այդ սանկցիաները վերաբերվում են այն ընկերություններին, որոնց հետ Հայաստանը չի էլ համագործակցել: