05/06/2014 18:21
Դանակահարվածի մայր. Ինչո՞ւ են միայն Օսիպյանի եղբորորդուն մեղադրում
Մայիսի 2-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դեպքի օրվանից որևէ բան չի հիշում, չի հիշում նաև իր հետ վիճաբանության մեջ մտած երիտասարդներին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Ալեքսանյանի մայրը՝ Լիլիա Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, այն ժամանակ, երբ փոքր որդին աշխատանքից վերադառնալիս է եղել տուն:
«Առևտուր արած տուն գալիս է եղել, թքել է, մի 3 հոգով կանգնած են եղել, մոտեցել են, խփել, սկսել հարվածել, ինքն էլ եկավ տուն ներվայնացած, մեծ եղբորը կանչեց ու գնացին»,- ասաց նա:
Վանուշի եղբայրը՝ Վիգենը, ում հետ էլ սկսվել է վիճաբանությունը, ծնողների խոսքով՝ առաջին անգամ է գալիս եղբոր մոտ դեպքից հետո, քանի որ թե' իրենք, թե' Վիգենը դեռևս «շոկի մեջ» են: Վիգենը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասաց, որ նրանցից որևէ մեկին չի ճանաչել նախկինում:
«Իրանք մի 3 մետր հեռավորության վրա էին կանգնած, ես անցնելուց թեքվեցի մյուս կողմ, թքեցի, իրանք էլ մոտեցան, սկսեցին խփել փորիս, հայհոյել: Ես գնացի եղբորս կանչեցի, իրանք 5 հոգով սպասում էին մեզ ու կռվի ժամանակ դանակով խփեցին իրան»,- ասաց նա:
Վիգենի խոսքով՝ ինքը չի տեսել, թե ո՞վ է խփել դանակով, քանի որ մութ է եղել և չի բացառվում, որ 5-ից շատ մասնակիցներ են եղել վիճաբանությանը:
Տիկին Լիլիայի խոսքով՝ իմանալով, որ որդիները գնում են վիճաբանության, ինքն ու ամուսինն էլ հետևից են գնացել, սակայն իրենք էլ որևէ մեկի անունը չգիտեն: «Դեմքը տեսնենք, կճանաչենք, բայց անունները չգիտենք»,- ասաց Վանուշի հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե մեղադրանք առաջադրվել է միայն մեկ մարդու, Լ. Ալեքսանյանը պատասխանեց. «Ինչի՞ են մեկին բռնել, մեղադրում, մենք ինչ գիտենք, ո՞վ է արել, բայց 5 հոգով են եղել, թող բոլորն էլ իրանց արածի համար պատասխան տան, բայց հիմա մենակ մեկին են մեղադրում»,- ասաց նա:
Տիկին Լիլիայի խոսքով՝ իր որդին ծառայել է Ղարաբաղում, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է հոսպիտալ, որից հետո էլ զորացրել են:
«Իրանք ասեցին, որ ներվերից ա, բայց իմ տղեն խնդիր չի ունեցել մինչև զորակոչվելը: Չգիտեմ՝ ընդեղ դեղեցին, ծեծեցին, ի՞նչ արեցին, բայց հոսպիտալ պառկեց, հետո էլ զորացրեցին: Ինքը մեր միակ հույսն էր, ո՛չ ես, ո՛չ էլ ամուսինս չենք աշխատում, ինքն էր մեզ պահում»,- ասաց նա:
Լ. Ալեքսանյանը ասաց, որ իրենք ապրում են շատ վատ պայմաններում՝ վարձով վագոն-տնակում:
«Նույնիսկ էդ վագոն-տնակը, որտեղ ապրում ենք, մերը չի: Էսքան ժամանակ, որ ստեղ ենք, մեկը չեկավ մեր դուռը բացի, ասի՝ ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել: Մենք դեռ համբերատար սպասում ենք, հավատում ենք, որ արդար կլինի, բայց եթե սենց մնաց, մենք բողոքելու ենք Վլադիմիր Գասպարյանին»,- ասաց նա:
Ալեքսանդր Ալեքսանյանն էլ ասաց, որ իրենք գնալու են մինչև վերջ, եթե հանցագործությունը չբացահայտվի:
«Տղուս սաղ կյանքում ինվալիդ սարքեցին, տվեցին մեզ, հիմա ես պետք ա իրան սաղ կյանքում ձեռքից բռնած պահեմ, եթե չբացահայտվի, մենք բողոքելու ենք բոլոր տեղերը»,- ասաց նա:
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժ, Վանուշի բուժող բժիշկ Անդրանիկ Օհանյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ Վանուշի վիճակը մոտ է բավարար լինելուն:
«Վնասվել է նրա լյարդը, փայծաղը, ստամոքսը: Սովորաբար վերքը լավանում է 7 օրում և մենք այդքան ենք պահում հիվանդանոցում: Եթե բարդություններ չլինեն, ապա վնասված օրգանների աշխատանքը կվերականգնվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը: Ս. Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըկամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Վալերի Օսիպյանը համոզված է՝ եղբոր որդին դանակահարության հետ կապ չունի
Երևանում այս գիշեր 22-ամյա երիտասարդ է դանակահարվել. Վիճակը ծանր է
Դատարանը բավարարել է Վ. Օսիպյանի եղբորորդուն կալանավորելու միջնորդությունը
Փոխոստիկանապետ Օսիպյանի ընտանիքը տուժողներին օգնություն չի առաջարկել