09/06/2014 14:56
Վախթանգ Կիկաբիձե. Նոր սերնդի մեջ չկան երգահաններ, որոնց գրածը ինձ հետաքրքրի
Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա վրացի լեգենդար դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեի համերգը` նվիրված նրա 75-ամյակին:
Լրագրողների հետ հանդիպմանը Վ. Կիկաբիձեն ասաց, որ որոշել է իր 75-ամյակին նվիրված համերգ տալ, այլ ոչ թե սպասել 80-ամյակին, քանի որ չգիտի, թե վաղը իր առողջական վիճակը ինչպես կլինի:
Համերգը կրում է «Իմ տարիները՝ իմ հարստությունն են» խորագիրը, կազմակերպիչն է «Մեցցո պրոդաքշն» ընկերության կողմից և Վ. Կիկաբիձեի հետ ելույթ է ունենալու նաև ազգականուհին՝ Լիզա Բագրատիոնը:
Նրա խոսքով` իր համար շատ հաճելի է, որ համերգը նախաձեռնել է հայկական կողմը:
Վերհիշելով անցյալը` Վ. Կիկաբիձեն խոստովանեց, որ երբեք չի մտածել երգիչ դառնալու մասին, այլ ցանկացել է նկարիչ դառնալ և մինչև հիմա էլ ունի նկարիչ ընկերներ, որոնց աշխատանքը գնում է նայելու, երբ վատ է զգում իրեն:
«Մեր բնակարանը փոքր էր և մայրս մտահոգվում էր, թե ինչպես եմ ես նկարիչ դառնալու, բայց ես փողոցից պատահաբար հայտնվեցի էստրադայում, առաջին անգամ տեսա մեծ բարձրախոսներ: Դրանից հետո ինձ ոչ ոք փողոցում չտեսավ, քանի որ իմ ուղեղում այդ բարձրախոսներն էին»,-ասաց նա:
Երաժիշտը պատմեց, որ իր երգերն ինքն է գրում և երգերը սովորաբար ծնվում են օղու ազդեցության տակ:
«Նոր երգեր ինքս եմ գրում, քանի որ այն մարդիկ, ում հետ համագործակցել եմ կա՛մ ողջ չեն, կա՛մ էլ ապրում են Աստված գիտի, թե որտեղ, իսկ նոր սերնդի մեջ չկան երգահաններ, որոնց գրածը ինձ կհետաքրքրի: Սովորաբար օղի եմ վերցնում ու փակվում ինչ-որ սենյակում: Օղու ազդեցության տակ ինչեր ասես, որ չեն ծնվում, այդքան շատ երգեր, բայց հետո դրանք ո՞վ է լսելու, չնայած, լսողներ, ոնց որ թե կան»,- ասաց երաժիշտը:
Վ. Կիկաբիձեի խոսքով` կարևոր չէ, թե որքան երկար կտևի քո ստեղծագործական ուղին, կարևորը արածիդ հանդեպ ունեցած սերն է և ինքը մինչև հիմա միայն մասնագիտության հանդեպ սիրուց դրդված է բեմ բարձրանում:
«Ուղղակի պետք է սիրել` հայրենիքդ, ընտանիքդ, եթե հարևանիդ էլ սիրեցիր` ավելի լավ քեզ համար: Ավելի անիմաստ բան, քան կյանքը` չկա, սա է կյանքի իմաստը»,- ասաց Վ. Կիկաբիձեն:
Նշենք, որ Հայաստանից հետո նախատեսված է նրա համերգը Բաթումում: