11/06/2014 18:01
Համալիրն ընդդեմ ԴԱՀԿ-ի գործով դատ. Փաստաբանը հրաժարվել է մասնակցել նիստին
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կայացել է Մարզահամերգային համալիրն ընդդեմ ԴԱՀԿ ծառայության դատական նիստը, որը բոյկոտել է ՄՀՀ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը:
Փաստաբանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որոշում է կայացվել դատական նիստը անցկացնել դռնփակ և իրեն առաջարկել են ստորագրել գաղտնիության մասին թուղթ, որից ինքը հրաժարվել է:
«Անցյալ դատական նիստին ես միջնորդեցի թույլատրել տեսաձայնագրումը, քանի որ դատարանի դահլիճում լրագրողներ կային և դրանից հետո որոշում կայացվեց նիստը դռնփակ անցկացնել, սակայն որևէ հիմնավորում չկա, թե ինչու: Ինձ բանավոր կերպով տեղեկացրեցին, որ իրավունք չունեմ նիստում քննարկվածի վերաբերյալ ինֆորմացիա տրամադրել և ես որոշեցի չմասնակցել նիստին»,-ասաց նա:
Արմինե Հակոբյանը այսօրվա նիստում միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Վերաքննիչ դատարանում այս գործը կասեցվի ու ուղարկվի Սահամանդրական դատարան, քանի որ առաջին ատյանի դատարանում կիրառվել է սահմանադրականության հետ կապված խնդիրներ ունեցող օրենք, սակայն տեղյակ չէ՝ արդյոք իր միջնորդությունը քննվել է, թե ոչ:
Փաստաբանի խոսքով՝ իր համար անհասկանալի է դատարանի այս որոշման պատճառը, սակայն իրենք պայքարելու են մինչև վերջ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մարզահամերգային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Համալիրն այժմ առաջարկում են 17 415 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Նշենք, որ նախորդ աճուրդին որևէ մեկը գնման հայտ չէր ներկայացրել և ըստ օրենքի, այժմ աճուրդը կայանալու է հայտարարված գնից 10 տոկոսի նվազումով:
Անցյալ անգամ մարզահամերգային համալիրը աճուրդի էր հանվել մայիսի 19-ին, 19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով. ցանկացողները կարող էին 10 օրվա ընթացքում գնման առաջարկություն ներկայայացնել:
Մարզահամերգային համալիրը հանդիսանում է գրավի առարկա, այն պատկանում է Մոսկվայում գործող ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին. նրանցից մեկը՝ Մուրադ Մուրադյանը, ՀՀ դեսպանն է Իրաքում:
Նախորդող հրապարակում՝ Մարզահամերգային համալիրի աճուրդը չի կայացել