11/06/2014 12:20
Տարոն Մարգարյանի խորհրդական Քոթանջյանի որդին ձերբակալվել է
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել էին փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակն ու հայտարարել, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Ներկայացված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Սամվել Ք.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: