16/06/2014 14:45
Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դեպքի տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից
Հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բարդություններ են առաջացել և նրան պարբերաբար տանում են հիվանդանոց: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ. Ալեքսանյանի մայրը՝ Լիլիա Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ բժիշկները ասում են, որ բարդություններ կան նաև թոքերի հետ կապված:
«Եթե լավ լիներ, ինչի՞ էինք օրը մեջ բերում հիվանդանոց: Հիմա էլ հիվանդանոցի ճանապարհին ենք»,-ասաց նա:
Հարցին՝ այս ընթացքում միջադեպի մասնակիցներից որևէ մեկը չի հետաքրքրվել Վանուշի առողջական վիճակով, նա պատասխանեց, որ ոչ:
Լ. Ալեքսանյանը նաև ասաց, որ հիվանդանոցի ծախսերը արդեն կատարվել են իրենց բարեկամների օգնությամբ:
Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 1-ի գիշեր դանակահարվել էր 22-ամյա Վ. Ա.-ն: ՀՀ ոստիկանության լրատվական տեղեկացմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըկամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերվելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Դանակահարվածի մայր. Ինչո՞ւ են միայն Օսիպյանի եղբորորդուն մեղադրում
Վալերի Օսիպյանը համոզված է՝ եղբոր որդին դանակահարության հետ կապ չունի