16/06/2014 20:18
Սաֆարովից մինչև Արցախի օդանավակայան. Ադրբեջանցիներին պատասխան է տրվել
Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին գտնվող հայկական պատվիրակության անդամները մամուլից են իմացել իրենց այցելության կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիայի մասին: Այս մասին Life.panorama.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Ժառանգություն խմբակցության քարտուղար, սեմինարին հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:
«Մենք հետո ենք իմացել, որ բողոքի ակցիայով են մեզ դիմավորել: Սեմինարը բնականոն սկսվել է, միայն ողջույնի խոսքերից հետո իրենք իրենց հին երգը ներկայացրեցին: Այն է 20 տոկոս «գրավյալ» տարածք և այլն: Ընդհանուր առմամբ որևէ նորություն չասացին, ստանդարտ ադրբեջանական PR-ի խնդիրն էր»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների կողմից հնչեցրած բոլոր մեղադրանքներին, սխալ տեղեկություններին հայկական պատվիրակությունը պատշաճ պատասխանել է: «Բարձրաձայնեցինք, որ եթե ցանկանում են խնդիրը լուծել, ապա Ղարաբաղը պետք է միանա բանակցային գործընթացին, դիպուկահարներին պետք է հեռացնեն: Մի խոսքով՝ Սաֆարովից սկսած մինչև օդանավակայանի հարցին պատասխանել ենք: Պարզապես ֆորմատը պետք է գիտակցել, իրենք ավելի շատ են, քան մենք, բայց կրկին ընդգծում եմ նույն բանը 7 անգամ կրկնելը որևէ ազդեցություն չի ունենում»,- ասաց Թևան Պողոսյանն՝ ընդգծելով, որ սուրճի ընդմիջմանը դա Հայաստանի պատգամավորների հետ զրույցում նշել են նաև այլ երկրների պատվիրակության ներկայացուցիչները: Ներկայում իրավիճակը հանգիստ է, որևէ խնդիր չկա:
Նշենք, որ Հայաստանի պատգամավորները հունիսի 19-ին կլինեն Երևանում: