17/06/2014 13:59
Հոսանքի գին. Պատճառը օրենսդրական բացն է. Հիմնավորումը` Ռ. Նազարյանի
«Այնպես չէ, որ բոլորիս պետք է բավարարեր այն իրավիճակը, որ սակագինը պետք է անընդհատ բերենք ու սպառողների հաշվին բարձրացնենք: Չեք ուզում, արդյոք, որ մի քիչ խորանանք ու տեսնենք, թե վատ մենեջմենթը, վատ էկոնոմիկան ինչպե՞ս է ազդում սակագների վրա»,- «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
«Եկեք ավելի շատ խորանանք այդ ամենի մեջ, պարոն Նազարյան, հաշվի առնելով նաև, որ պատգամավորներս շատ ենք շփվում քաղաքացիների հետ և ամեն ինչի մասին լավ պատկերացում ունենք հենց նրանց շնորհիվ»,- մասնավորապես ասաց Հ. Նաղդալյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ այնպես չի` հանձնաժողովին չի հետաքրքրում որևէ ընկերության արդյունավետ աշխատանքը: Արդյունավետ կառավարումից, Ռ. Նազարյանի խոսքով, շատ բան է կախված Հայաստանի էներգետիկայի ոլորտում, բայց պատճառը օրենսդրական բացն է և ոչ թե անտարբերությանը:
«Գուցե պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ընդունել օրենքներ, որ անգամ արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերությունների մենեջմենթի մեջ իրավունք ունենանք մտնել: Այսօր նման օրենքի դրույթ չկա, որ կարողանանք մտնել այդ ընկերությունների մենեջմենթի մեջ»,- ասաց նա:
Հ.Նաղդալյանն առաջարկեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստեղծել որևէ աշխատանքային խումբ, հանձնաժողով կամ ենթահանձնաժողով, որպեսզի հնարավոր լինի լուծել այդ խնդիրը: Վարդան Այվազյանը համաձայնեց, որ առաջարկը կարևոր է և նշեց, որ հնարավոր է աշխատանքային խումբ ստեղծել մատնանշված խնդրի կարգավորման համար, իսկ եթե անհրաժեշտություն լինի` նաև ուսումնասիրություն կարվի:
Նախորդող հրապարակում` Թե ինչու է հոսանքի գինը բարձրանում. «Մեր կանխատեսումներում ենք սխալվել»