17/06/2014 12:46
Թե ինչու է հոսանքի գինը բարձրանում. «Մեր կանխատեսումներում ենք սխալվել»
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ֆինանսական ճեղքվածքը պայմանավորված է նրանով, որ անցած տարի վերանորոգումից հետո բլոկերից մեկը 88 օր ուշ գործարկվեց, ինչը բերեց նրան, որ այդ էժան էլեկտրաէներգիան պետք էր լրացնել Հրազդան ՋԷԿ-ի ավելի թանկ էլեկտրաէներգիայով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` ավելացնելով, որ նշած և մի շարք այլ գործոնների հետևանքով առաջացել է 16.3 մլրդ դրամի վնաս:
Դիմելով Ռ.Նազարյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ չեն վերցրել էժան էլեկտրաէներգիա Երևանի ՋԷԿ-ից և դիմել են ավելի թանկ էլեկտրաէներգիա սպասարկող ընկերությանը:
«Այո, մենք 88 օր 300 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիայի բաց ունեցանք: Բայց Երևանի ՋԷԿ-ից չօգտվեցինք, որովհետև նա ռեզերվ չուներ, իսկ ամենաթանկ էլեկտրաէներգիա ունեցող Հրազդանի ՋԷԿ-ն ունի այնքան ռեզերվներ, որ կարող է սպասարկել Հայաստանի ողջ տարածքը»,- ի պատասխան ասաց Ռ. Նազարյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ արդար կլիներ, եթե լսումներին ներկա լինեին նաև այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնց վատ մենեջմենթի հետևանքով օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քննարկումների առաջ է կանգնել հանրությունը:
«Հիշեցրեք` ի՞նչ գնով է վաճառվել ՀԷՑ-ը, ի՞նչ ներդրումներ էին խոստացել անել այս տարիների ընթացքում և ինչքա՞նն է արվել և վերջիվերջո այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են, որ 0 տոկոս շահութաբերությամբ շարունակում են աշխատել»,- հարցրեց Ն. Զոհրաբյանը` հավելելով, թե որտե՞ղ է գրված, որ նրանց վատ մենեջմենթի հետևանքով ՀՀ քաղաքացի սպառողը պետք է մարի իր գրպանից:
Ռոբերտ Նազարյանը հիշեցրեց, որ 2002-ին ՀԷՑ-ը վաճառվել է 40 մլն դոլարով: Վաճառվելուց հետո մինչև 2006-07-ը որևէ ներդրում ՀԷՑ-ում տեղի չի ունեցել, հետո տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն: Իսկ 2007-ից հետո ներդրումների ամբողջ քանակը կազմում է 80 մլրդ դրամ, դրանց հիմնական մասը նպատակաուղղված է եղել հուսալի և անվտանգ էլեկտրականություն ապահովելու համար, անջատումների տևողությունը հասցնելու այն քանակությանը, որն ամրագրված է լիցենզիայով, այն է` ընդհատումները երկու ժամից ավելի լինել չեն կարող Երևան քաղաքում և եթե այդ տևողությունից ավելի է թույլ տալիս ընկերությունը , ապա գործում են տույժեր:
«Վատ մենեջմենթով չի պայմանավորված սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, ընդամենը մեր կանխատեսումներում ենք սխալվել: Գրեթե բոլոր այդ ընկերություններն իսկապես աշխատում են 0 շահութաբերությամբ կամ էլ շատ չնչին շահութաբերությամբ»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:
Ն. Զոհրաբյանն արձագանքեց, որ անթույլատրելի է` ոչ ճիշտ կառավարման արդյունքում այդ ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին. «Ցանկացած գրագետ կառավարիչ պետք է հաշվարկի հնարավոր ռիսկերը»,- ասաց Ն. Զոհրաբյանը, ինչի հետ չհամաձայնեց Ռ. Նազարյանը` ասելով, թե հաշվի չեն առել վատ մենեջմենթը. «Հաշվի ենք առել մեր մեթոդիկայում կանխատեսումների չարդարանալը»:
Նախորդող հրապարակում` Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա