17/06/2014 22:57
Մեր ցանկությունն է՝ օր առաջ լուծել խնդիրը, բայց՝ ո´չ ամեն գնով. Նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել «Հարցազրույց» հաղորդաշարին: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին դիտվող ակտիվացումներին, մասնավորապես՝ նախիջևանյան վերջին դեպքերին, Նախագահը նշել է, թե չի կարծում, որ ականատեսն ենք Ադրբեջանի կողմից նոր մարտավարության: Ըստ նրա՝ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ:
«Այո´, հակառակորդը լարվածությունը պահում է սահմանների երկայնքով, և դրա նպատակաները մի քանիսն են: Բայց ամենակարևոր նպատակն այն է, որ աշխարհին ցույց տրվի, թե պատերազմը չի ավարտվել, և եթե բանակցային գործընթացում հաջողություններ չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Եթե հիշում եք, ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ ես ասացի, որ կարևոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի, բայց ասացի, թե առավել կարևոր է՝ ով է կռվողը, հանուն ինչի է կռվում և՝ ում հետ է կռվում: 1994-ի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկել պատերազմական գործողությունները, և մեր ողջ աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով վերջին տարիները բացառություն չեն, և մենք ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ, կատարելագործում նոր տեսակները: Սպառազինություններ ձեռք բերելով ու ի ցույց դնելով՝ տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում: Մեր հասարակությունը, ի տարբերություն ուրիշների, բաց հասարակություն է, և մենք կարիք չունենք ցուցադրության կամ ցուցամոլության: Մեր հասարակության ներկայացուցիչները մշտապես հնարավորություն են ունենալու այցելել զորամասեր, վստահ լինել զինվորների մարտական ոգու, զինատեսակների կատարյալ լինելու մեջ: Մենք ոչինչ չենք խնայելու, որ մեր տղաներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է սահմանները անառիկ պահելու համար»,- ասաց Նախագահը:
Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել ԼՂ բանակցությունների հետագա ընթացքից, Նախագահը պատասխանեց.
«Ամենակոնկրետ արդյունքն արդեն 20 տարվա խաղաղությունն է: Այո´, վատ խաղաղություն է, փխրուն խաղաղություն է, և ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են... բայց խախուտ խաղաղությունը նախընտրելի է պատերազմից: Այ՛ո, բանակցությունները դանդաղ են ընթանում, և մեր ցանկությունն է, որ օր առաջ խնդիրը լուծվի, բայց՝ ո´չ ամեն գնով ու ցանկացած պայմանով»:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ բանակցությունների դանդաղ ընթացքի հիմնական պայմանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, Ադրբեջանը՝ այլ.
«Բնական է, որ այդ տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է առաջացնում, ու պատահական չէ, որ հասնելով ամեն փուլի՝ Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես գալիս: Անհրաժեշտ է, որ հստակեցվի մի հանգամանք՝ մենք նույն կերպ պետք է հասկանանք սկզբունքները: Շնորհակալ ենք համանախագաներին՝ ներդրած ջանքերի համար, ի վերջո՝ այս խաղությունը առաջին հերթին՝ մեզ է պետք: Այստեղ ջանքերի ավելացման խնդիր կա»,- ասաց Նախագահը: