18/06/2014 14:28
Ա. Ռուստամյան. Պահանջում ենք, որովհետև բանը բանից վաղուց անցել է
«Մենք գիտենք` ինչ ենք գրել և, այո, պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի փոքր շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև, եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պիտի բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» և այլ հասկացողությունները:
Համագործակցության հետ կապված հնարավոր բոլոր քայլերը, Ա. Ռուստամյանի խոսքով, քառյակը կատարել է և մինչև հիմա քննարկումների ամբողջ բնույթն այն էր, որ կառավարությանը մղեին մի դաշտ, որտեղ հատման եզրեր կլինեն. «Կարծում եմ , որ բառերի հետևից պետք չէ ընկնել, այլ բովանդակությանն է անհրաժեշտ անդրադառնալ: Եթե պետք է բովանդակությանն անդրադառնան, ապա սպասում ենք ավելի լուրջ պատասխան` 12 կետերի իրական կամ ոչ իրական լինելու վերաբերյալ»:
Ա.Ռուստամյանը կարծում է, որ իշխանության պատասխանը չի արտացոլում այն լրջությունը, որով քառյակը մոտեցել էր 12 կետերի ամրագրմանը:
«Այդտեղ որևէ հապճեպ բան չկա` ի տարբերություն իշխանությունների հապճեպ բերված նախաձեռնությունների, որոնք այս պահին քննարկվում են ԱԺ-ում: Քառյակը երկար ժամանակ է աշխատել այդ կետերի վրա, հասարակությունն էլ ծանոթ է, թե քառյակը քանի նիստ է նվիրել դրան, այնպես որ եթե լուրջ չեն վերաբերվում դրան, դրա համար էլ վիճակն այսպիսին է երկրում: Եթե խոսում են ականջալուր լինելու մասին, բայց լուրջ չպետք է վերաբերեն, կունենանք այն, ինչ ունենք: Մենք մեր հաստատումներից դուրս չենք գալու և հնարավորություն կտանք հասարակությանը հասկանալ, թե ով ինչ է ուզում, ինչպես է արձագանքում հակառակ կողմը: Բայց մեկ բան հստակ է` ջրբաժան է»,- ասաց նա:
Փաստաթղթում, ՀՅԴ պատգամավորի խոսքով, այնտեղ ներկայացված չէ այնպիսի հարց, որը նոր է հրապարակ բերվում կամ անիրական է. «Պահանջում ենք, այո, որովհետև բանը բանից վաղուց անցել է: Եթե այդպիսի մոտեցում կա, ապա ժամանակն է շատ ադեկվատ, լուրջ ու խորքային ասեն, թե ինչն այն չէ: Ի վերջո այդ պահանջներն օդից վերցված չեն, այլ հասարակության պահանջներն են: Եվ այո պահանջներ են, որովհետև եթե դրանք այսօր չեք իրականացնում, ուրեմն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ անտեսվում է հասարակության և չորս քաղաքական ուժերի բարձրացրած հարցերը»: