18/06/2014 10:26
Սերժ Սարգսյան. Մի պաշտպանեք Արցախն ինձնից, վիրավորական է
«Ես չեմ կիսում որոշ մոտեցումներ, և, առաջին հերթին, չեմ կիսում այն կարծիքը, որ Մաքսային միության անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Ինձ համար, կարծես թե, այս հարցը սպառված է, և ես զարմանում եմ, որ մենք դեռ շարունակում ենք քննարկել այն: Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ, կարծում եմ, վերջացած է: Եվ շատ պարզ է: Այո, Հայաստանի հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը, այո, Հայաստանի հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը` իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես Հայաստանի հանրապետությունն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որևէ մեկը կա՞, որ այստեղ հարց առաջացնի կամ ասի` այս մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ոչ»,- հյուրընկալվելով Հանրային հեռուսատեսության «Հարցազրույց» հաղորդաշարին` այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի հանրապետությունն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ` հայկական երկրորդ հանրապետության ` Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ: Եվ կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է:
Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով` մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը, և ես դրա հետ համամիտ եմ` 100 տոկոսով: Այո, ուրիշները ևս չեն ճանաչել` ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է, հարցերի այսօրվա վիճակն է, և կարծում եմ` ամեն ինչ բոլորի համար հասկանալի է»,- ասել է երկրի ղեկավարը:
Եթե որոշ հարցեր մնացել են, Ս. Սարգսյանի խոսքով, այդ հարցերը հուզական, էմոցիոնալ մակարդակում են, և ինքը մեծ պատրաստակամությամբ ընդունում է մեր ժողովրդի ցանկությունները և հույզերը, բայց. «Պիտի հասկանանք, որ քաղաքականության մեջ, առավել ևս` դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն: Դիվանագիտությունը կամ բանակցությունները տղայություն անելու տեղ չեն: Այդպիսի հանգամանքները ավելի շուտ կարելի է գնահատել որպես անպատասխանատվություն, բախտախնդրություն: Դիվանագետի, քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար միշտ ցուցաբերելու ենք հաստատակամություն` հույզերը պարփակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով և տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում:
Ես, իրոք, զարմանում են, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում այդպիսի կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը`օրական տասնյակ, հարյուրավոր անգամներ, այլև, իհարկե, դիվանագիտական ճակատում էլ է պատերազմ մղում: Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և' Ղազախստանի նախագահին, և' Ռուսաստանի նախագահին, և' Բելառուսի նախագահին: Երբ ասում են` անակնկալ էր, ես չեմ կիսում այդ կարծիքը: Ինչպե՞ս կարող էր անակնկալ լինել: Մեր պատվիրակության կազմում 10-ից ավելի մարդիկ կային, նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, և այդ 10-ից ավելի մարդիկ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին: Բացի դրանից, մենք ունենք անցյալի փորձը. Մինսկում Ղազախստանի նախագահը այդ հարցերը բարձրացրեց: Այստեղ անակնկալի գալու ի՞նչ խնդիր կա: Բացարձակապես: Հարցը նպատակահարմարության մասին է, թե որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը, և լսեք, թե այնտեղ ինչ է հնչել: Եվ երբ ես ասում էի` իրոք, տհաճ է, ոչ թե բովանդակային առումով էի ասում` տհաճ է, այլ տհաճ է, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում է կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: Միայն այսքանը:
Իսկ որ, նորից եմ ասում, Հայաստանի հանրապետությունն ունի ի'ր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ունի ի'ր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա, և բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը, խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի հանրապետության համար:
Այստեղ մի բան էլ պետք է ասեմ` օգտվելով այս հնարավորությունից և դիմելով իմ քննադատներին. խնդրում եմ, մի' պաշտպանեք Արցախը ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նախորդող հրապարակում` Մեր ցանկությունն է՝ օր առաջ լուծել խնդիրը, բայց՝ ո´չ ամեն գնով. Նախագահ