18/06/2014 11:00
Սերժ Սարգսյան. Այս կառավարությունը հաջողություն է ունենալու
Ամբողջ կառավարությունը գիտակցում է պատասխանատվության իր աստիճանը, ամբողջ կառավարությունը գիտակցում է, որ նախկին կառավարության փոփոխությամբ ակնկալիքներ են ձևավորվել, և այդ ակնկալիքները պետք է արդարացվեն: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր աշխատանք` լինի դա կառավարության, լրագրողի, գործարարի, պետք է լինի տեսանելի և չափելի, և որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք արդյունքները տեսնել և չափել հաջողության աստիճանը: Հանրային հեռուսատընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ, խոսելով նոր կառավարության մասին, նման կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Որպեսզի մանրամասների մեջ չխորանամ` ինձ համար, որպես ոչ տնտեսագետի, գոյություն ունեն մի քանի չափանիշներ: Առաջինը կայուն տնտեսական աճն է: Կառավարությունը պետք է ապահովի կայուն տնտեսական աճ: Երկրորդ չափանիշը աշխատավարձ – գնաճ հարաբերակցությունն է, այսինքն` աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճին, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները: Եվ երրորդ հանգամանքը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, թե ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն ենք կարողանում հարկերի տեսքով բերել բյուջե, որովհետև սա է հիմքը և' աշխատավարձերի բարձրացման, և' սոցիալական խնդիրների լուծման:
Եվ եթե այս տեսանկյունից ենք նայում, վերջին 3-4 տարիներին ունեցել ենք ձեռքբերումներ: Այլ խնդիր է, որ ակնկալիքները մեծ են, այլ խնդիր է, որ բոլորս ցանկանում ենք օր առաջ ավելի բարեկեցիկ ապրել: Այդպիսի ցանկություն գոյություն ունի բոլոր հասարակություններում»,- ասել է Ս. Սարգսյանը:
Աշխարհի բոլոր երկրներում, շարունակել է խոսքը երկրի ղեկավարը, կան տեսակետների բախումներ, տարակարծություններ, և հենց այս տեսակետների բախման ժամանակ են ծնվում պետության համար օգտակար որոշումները. «Իմ ցանկությունն է, որ մենք այս պրոցեսները խորացնենք, բայց` մի պայմանով . որ այդ բախումները իրոք լինեն տեսակետների բախումներ, որ այդ բախումները լինեն ԱԺ-ում, մամուլի էջերում, ոչ թե ցուցարարների և ոստիկանների միջև լինեն այդ բախումները: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել` և' իշխանությունները, և' ընդդիմությունը, որպեսզի քաղաքակիրթ ճանապարհով կարողանանք գալ ճիշտ լուծումների: Նոր կառավարության առումով արդեն տեսնում եմ նախանշանները, որ այս կառավարությունը հաջողություն է ունենալու: Կանցնի որոշակի ժամանակ, մենք շատ ավելի հստակ կխոսենք»:
Նախորդող հրապարակում` Սերժ Սարգսյան. Մի պաշտպանեք Արցախն ինձնից, վիրավորական է