18/06/2014 11:26
Նախագահը` քառյակի պահանջների և սահմանադրական բարեփոխումների մասին
Հյուընկելվելով Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի 12 կետանոց պահանջին:
Երկրի ղեկավարի կարծիքով` այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի փոքր շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև, եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից, Ս. Սարգսյանի կարծիքով, պիտի բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» և այլ հասկացողությունները:
«Ես համոզված եմ, որ այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Անշուշտ, ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, կառավարությանը` ուշադրությամբ ուսումնասիրել և կատարել հետևյալ գործողությունները . այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում կամ իմ նախընտրական ծրագրում կամ այսօրվա կառավարության` արդեն հաստատված ծրագրում, պետք է արագ առաջ տանել և բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդը . այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկվեն հեղինակների հետ և միասին գան ընդհանուր հայտարարի: Եվ երրորդը . այն հարցերը, որոնք, մեր կարծիքով, մեր թիմի կարծիքով, իրատեսական չեն, անպայման պետք է բացատրել մեր ընդդդիմախոսներին, թե ինչու իրատեսական չեն և ինչ հետևանքների կարող են բերել, եթե մենք խնդիրները լուծենք այն կերպ, ինչ կերպ իրենք են առաջարկում: Նորից եմ կրկնում և համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ որոշումներ»,- ասել է նա:
Պատասխանելով սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցին, Ս. Սարգսյանն ասել է, որ ինտենսիվ պրոցես է ընթանում, և մեծամասնությամբ` մասնագետները, հանրության բավականին լայն շրջանակներ, մասնակցություն են ունենում այս պրոցեսին:
«Կարևորագույն խնդիրը, իմ կարծիքով, մասնագետների ակտիվ մասնակցությունն է: Շատերն ասում են, որ սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, և դրանով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Համաձայն լինելով, որ սահմանադրությունը, իրոք, քաղաքական փաստաթուղթ է և որ քաղաքական գործիչները պետք է մասնակից լինեն, այնուհանդերձ, ես համարում եմ, որ առաջին հերթին սահմանադրությունը իրավաքաղաքական փաստաթուղթ է, և այստեղ, առանց մասնագետների, մենք կարող ենք շատ մեծ պրոբլեմների առջև կանգնել: Այս մասով` մասնագետների ընդգրկմամբ, քննարկումների ծավալներով և հաճախականությամբ, ես գրեթե բավարարված եմ»,- ասել է երկրի ղեկավարը:
Ս. Սարգսյանը կարևորել է նաև քաղաքական ուժերի ներգրավումն այդ քննարկումներին` պատճառաբանելով, թե իրենց ցանկանում է, ընդգրկելով հանրության լայն շրջանակներին, ստանալ մի փաստաթուղթ, որը կապահովի մեր երկրի առաջընթացը:
«Կա նաև երրորդ հանգամանքը: Թեև, իհարկե, դժվար է հանրության լայն զանգվածներին հասցնել այդ հսկայածավալ փաստաթղթի մանրամասները, բայց ես կարծում եմ, որ այստեղ էլ մենք անելիք ունենք, և պետք է քննարկման շրջանակները լայնացնել: Ես տեսնում եմ, որ այդ քննարկումները այսօր միայն Երևանում են տեղի ունենում: Ես վստահ եմ, որ այդպիսի քննարկումներ պետք է լինեն մեր մարզերում, համայնքներում: Կարծում եմ, որ ևս մի որոշակի ժամանակ, և մենք հնարավորություն կտանք հանձնաժողովին` գործունեություն ծավալել նաև մարզերում: Այնուհետև, երբ հանձնաժողովն ավարտի այդ քննարկումները և ինձ ներկայացնի հայեցակարգ, այդ ժամանակ ես, անշուշտ, ավելի հանգամանորեն կխոսեմ այդ մասին»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նախորդող հրապարակում` Սերժ Սարգսյան. Այս կառավարությունը հաջողություն է ունենալու