19/06/2014 09:28
Թող սպասեն մինչև հաջորդ ընտրությունները. Շարմազանովը՝ քառյակին
Երբ ոչ իշխանական ուժերից բաղկացած «Հրաշալի քառյակը» հրապարակեց իր 12 կետից կազմված հայտարարությունը, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների արձագանքը բավականին դրական էր: Նրանք համարում էին, որ քառյակի վարքագիծը դարձել է ավելի կառուցողական, քանի որ հրաժարականների փոխարեն՝ քառյակը փորձում է տնտեսական և իրավական բարեփոխումներ կատարելու առաջարկներ ներկայացնել իշխանությանը: Սակայն կարճ ժամանակ անց ՀՀԿ-ականների դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ, և նրանք, ըստ էության, հայտարարեցին, որ մերժում են քառյակի հետ համագործակցության որևէ հնարավորություն:
«Եթե քառյակն ուզում է ծրագիր իրականացնել, որևէ խնդիր չկա, թող սպասի մինչև հաջորդ ընտրությունները, եթե բարով-խերով հաջողության կհասնեն, այդ ժամանակ 12 կետ չէ, թող 120 կետ իրականացնեն»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: