20/06/2014 15:22
Հակառակորդը երեկ կրակել է Տավուշի դիրքապահների ու գյուղերի վրա (Տեսանյութ)
Նախօրեին հակառակորդը կրակել է հյուսիսարևելյան սահմանի հայ դիրքապահների ուղղությամբ: Երեկոյան կրակի տակ են եղել նաև Տավուշի սահմանամերձ գյուղերը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկոյան ժամը 18.00-ից մինչև 19.30-ն կրակել են գյուղի ուղղությամբ.
«Մեկ ու կես ժամ գյուղի վրա կրակեցին, մեր դիրքապահների պատասխանից հետո լռեցին»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:
Գյուղապետի խոսքով՝ կրակում էին հիմնականում խոշոր տրամաչափի զենքերից:
«Սրանից մեկ օր առաջ էլ օրվա մեջ մի քանի հատ կրակեցին: Մի կրակոցը եկավ մեր հինգհարկանի շենքի տակ երեխեք էին խաղում, ընկավ ոտների առաջը: Տենց բան տեսած երեխան բա կարա՞ս ասես, որ առողջ ա ու երջանիկ»,- պատմեց Անդրանիկ Այդինյանն:
Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեքցին, որ Այգեպարի մերձակա ադրբեջանական Ալիբեյլի գյուղում հայկական կրակի հետևանքով վիրավորներ են եղել: Ընդգծում ենք՝ կրակը եղել է պատասխան: Պատասխան ոչ թե մեր դիրքապահների, այլ՝ մեր գյուղի, մեր գյուղի երեխաների ուղղությամբ արձակված կրակին:
Ու հետգրույթան փոխարեն՝ տեսանյութը նկարահանված է այս տարվա ապրիլ ամսին: Կադրում հենց Այգեպարի գյուղապետի նշած հինգհարկանի շենքն է: Սա վիզուալ ներկայացումն է մեր մամուլում հաճախ գրվող՝ «հակառակորդը կրակում է մեր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ» նախադասության: