20/06/2014 20:43
Մեկնարկում է «Ֆրեսկո» փառատոնը
Հունիսի 21-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի հոգևոր ֆիլմերի և արդի արվեստի «Ֆրեսկո» փառատոնը՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա...» խորագրով:
Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշնը» և «Ծիածան» ՀԿ: Փառատոնի հոգևոր խորհրդատուն և պատասխանատուն ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն է:
Փառատոնի բացման օրը համընկել է Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն տոնի հետ: Կազմակերպիչները որոշել են սկսել Խոր Վիրապից: Հետմիջօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժյուրիի անդամներին ու հյուրերին կընդունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Նույն օրը երեկոյան՝ ժամը 20.00-ին, Երևանում՝ Կարապի լճում, կմեկնարկի փառատոնը:
Կազմակերպիչների խոսքով փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների վերահաստատմանը, հոգևոր արժեքների տարածմանը:
Փառատոնին կմասնակցեն Հայաստանի և տարբեր երկրների ինչպես ճանաչված, այնպես էլ նորաստեղծ ֆիլմեր, որոնք առնչվում են մարդկության արդի հիմնախնդիրներին՝ հոգևորից մինչև սոցիալական:
«Ֆրեսկոյի» շրջանակներում նոր ձևաչափով ոչ միայն համաշխարհային հոգևոր կինոնմուշներ կցուցադրվեն, այլ նաև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կկազմակերպվեն:
Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական ֆիլմեր ու տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները, քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:
Ֆիլմերին հաջորդող քննարկումներին կմասնակցեն ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև հոգևորականներ, հոգեբաններ և ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող մասնագետներ, ոլորտի պատասխանատուներ:
«Ֆրեսկո» միջազգային փառատոնի մրցանակները` կավե ձկները, պատրաստել են Խարբերդի մանկատան երեխաները:Կինոսերներին կառաջարկվեն 57 ֆիլմ աշխարհի 17 երկերներից:
«Ֆրեսկոն» առաջարկում է նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որի ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այս ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը:
Փառատոնը առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավված են «Ֆրեսկոյի» կազմակերպական աշխատանքներում:
Փառատոնի մի մասը կանցկացվի Երևանից դուրս` Օձունում ու Ախթալայում: Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ հոգևոր ֆիլմերի և արդի արվեստի «Ֆրեսկո» փառատոնը կլինի ամենամյա: