20/06/2014 13:59
Վարչապետ. Քառյակ, հնգյակ, եռյակ, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել
Մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարկում, կարևոր է, որ կատարվի գործ՝ մեր տնտեսությունը զարգացնելու համար: Այս մասին «Դիջիթեք բիզնես» ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քառյակի 12 առաջարկներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
«Այդ 12 առաջարկներն արդեն իսկ արտացոլված են Կառավարության ծրագրում, որը հաստատվել է ԱԺ կողմից»,- ավելացրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը պատրաստ է համագործակցել քառյակի հետ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկի դեպքում:
«Չի կարելի պարզապես պահանջներ ներկայացնել, կարելի է համագործակցության տեսքով ձևակերպել այդ առաջարկները: Արդեն ասել եմ՝ քառյակ, հնգյակ, եռյակ, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը պետք է լինի աջակցել այն լավ գործերին, որոնք բխում են մեր պետության ու տնտեսության շահերից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: