20/06/2014 14:42
Փաստաբան. Հրաչյա Հարությունյանին ազատ չեն արձակել
Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանին ոչ թե ազատ են արձակել, այլ պաշտպանական կողմի միջնորդությունն է բավարարվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Փաստաբանն ասաց, որ դատարանը անօրինական է ճանաչել Հ. Հարությունյանին կալանքի տակ պահելու նախորդ որոշումը, սակայն, քանի որ այժմ ընթանում է դատավարությունը, նա կշարունակի մնալ քրեակատարողական հիմնարկում, իսկ «լրատվամիջոցները ուղղակի սուր վերնագրեր են ընտրում»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով:
«Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել Հ. Հարությունյանի կալանքը չերկարացնելու վերաբերյալ: Դատարանի կողմից հայտնաբերվել են 2013 թ. դեկտեմբերի 13-ին Տվերսկոյ շրջանի դատարանի կողմից թույլ տրված խախտումներ և նյութերը ուղարկել են կրկնակի ուսումնասիրման: Գործը ուղարկվել է Մոսկվայի քաղաքային դատարան՝ նոր քննության: Հարությունյանը տեսակապի միջոցով էր մասնակցում դատական նիստին՝ ՔԿՀ-ից: ՌԴ կենտրոնական դատախազության ներկայացուցիչը, ով մասնակել է այսօրվա նիստին, մեր կողմի ներկայացված փաստարկումներին կողմ է արտահայտվել, նշելով, որ դատավոր Ստաշինան սխալներ է թույլ տվել: Հ. Հարությունյանը իրեն կալանավորելու հարցը միշտ թողել է դատարանի հայեցողությանը, և այսօրվա դատական նիստը բացառիկ է այն առումով, որ դատարանը փաստեց, որ կալանավորման որոշում հաճախ կայացվում է իրավապահ մարմինների որոշմանը դեմ չգնալու համար, և մարդկանց կալանավորում են՝ օրենքին դեմ գնալով»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ առայժմ ընդհանուր քննության մասին որևէ գնահատական տալ չի կարող, քանի որ դեռևս չկա դատավճիռ:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը անորոշ է