20/06/2014 10:50
Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանին կասեմ՝ այ խուլիգան, ինչո՞ւ այդպես վարվեցիր
Գործարար Աշոտ Սուքիասյանին երեկ արտահանձնել են Հայաստան: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Նրա խոսքով՝ այժմ նախաքննական մարմինը պետք է դիմի դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար:
Գործարար Փայլակ Հայրապետյանին այս արտահանձնումը առանձնապես չի ոգևորել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Ա. Սուքիասյանը այս գործով միայն կարող է վկայություն տալ, սակայն իր ունեցվածքը պետք է «բանկը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը վերադարձնեն»:
Նա կարծիք հայտնեց, որ Ա. Սուքիասյանի արտահանձնելու հետ կապված երկարաձգումը արվում էր այն բանի համար, որ հնարավորինս «մաքրեն հետքերը»:
Հարցին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ազատվել է պաշտոնից, արդյոք բարդացե՞լ է նրան պատասխանատվության կանչելու հավանականությունը, Փ. Հայրապետյանը պատասխանեց. «Ընդհակառակը, հիմա ավելի հեշտ կլինի»:
«Ինքը ի՞նչ կարող է անել, ես ուղղակի կարող եմ իրա դեմքին նայել ու ասել, այ խուլիգան, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցիր, բայց չէ՞ որ բանկը հսկայական պլան է կազմել, հիմա էլ ունեցվածքս վաճառում են, իսկ ինքը ինձ ի՞նչ կարող է տալ»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք պատրաստվում է ՔԿՀ-ում այցելության գնալ Ա. Սուքիասյանին, նա պատասխանեց. «Չէ, ինչո՞ւ պետք է գնամ, դատավարությունը կսկսվի, կհանդիպեմ իրան դատարանում»:
Նրա խոսքով՝ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի հետ չի կատարվել և իր մոտ տպավորություն է, որ այս ընթացքում որևէ բան չի կատարվել, իսկ Տ. Սարգսյանի, գործարարների և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ առերեսում չի եղել:
Փ. Հայրապետյանի խոսքով՝ այժմ ինքը սնանկացած վիճակում է գտնվում:
«Մի հատ գրասենյակ եմ բացել, այստեղ եմ գալիս նստում, բայց իրենք պետք է ամեն ինչ վերադարձնեն, ինչ-որ խլել են ինձանից»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Փայլակ Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ինձ կուրախացնի
Օֆշորի գործ. Վարչապետի ստորագրությունը և նրա որևէ լիազորագիր առկա չէ