20/06/2014 17:40
Վարդան Պետրոսյան. Դատախազն անկողմնակալ չէ՞
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց ապացույցների հետազոտումը: Դատարան չէին ներկայացել Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանները և տուժող կողմի ներկայացուցիչները, քանի որ այսօր էդվարդ և էդգար Հակոբյանների մահվան օրն է:
Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը ևս Վարդան Պետրոսյանի ընկերների հետ այսօր մասնակցում էր դատական նիստին:
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը ասաց, որ առկա ապացույցների համաձայն՝ «Հակոբյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական նշանակության ֆունկցիաների խախտումներից, ուստի այն չի եղել գազի բալոնի սեղմման հետևանք»:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ հետևի նստատեղին նստած են եղել 3 հոգի, մեկն էլ մեջտեղի հատվածում և այդտեղ չէր կարող որևէ մեկը ողջ մնալ:
Մեղադրողը հակադարձեց փաստաբաններին՝ նշելով, որ դա որևէ կապ չունի ներկայացվող ապացույցների հետ:
Վ. Պետրոսյանը՝ դիմելով դատավորին, ասաց. որ 2 երեխայի մահվան մասին խոսելը սոսկալի է, բայց իրեն զարմացնում է այն, որ դատախազը զարմանում է գազի բալոնի խոսակցության մասին, այն դեպքում, երբ նրան կասկածելի է թվում իր սթափության վերաբերյալ «ս» տառի մեծատառ կամ փոքրատառ լինելը, թեև փորձաքննությամբ ապացուցվել է, որ ինքը սթափ է եղել:
«Դատախազն անկողմնակալ չէ՞»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանը նաև ասաց, որ քննիչի ապօրինությունների արդյունքում վթարի վայրում «BMW» ավտոմեքենայի անիվների հետքերը չեն գծվել և նախաքննական մարմինը չի արձանագրել, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում»:
Ռ. Բալոյանը նաև ասաց, որ վթարի պահին Վ. Պետրոսյանը խոսել է հեռախոսով, ինչին հակադարձեց Վ. Պետրոսյանը՝ ասելով, որ ինքը վթարի պահին հեռախոսով չի խոսել և վերջին անգամ խոսել է մոտավորապես 5 կմ հեռու հատվածում:
Նախորդող հրապարակում՝ «ՀՔԾ որոշմամբ ստացվում է, որ Վ. Պետրոսյանը կալանավորվել է թյուրիմացաբար»