21/06/2014 13:20
Վլադիմիր Գասպարյան. Ոստիկանության զորքերի աշխատանքը բավարար է
Այսօր Երևանի Դավիթաշեն համայնքում բացվեց ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքը: Նախկինում այնտեղ տեղակայված է եղել ոստիկանության զորքերի թիվ 10/32 զորամասը, որը տեղափոխվել է հարևան մասնաշենք:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստեղծվել են աշխատանքի համար նորմալ, մարդկային պայմաններ, որոնք նախկինում չեն եղել:
«Սա աշխատանքային և նյութատեխնիկական բազայի հետ կապված հենց առաջին օրվանից Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից տրված ծրագրի իրականացման ևս մեկ փուլ է, որը մենք իրագործում ենք: Ոստիկանության զորքերը ավելի շուտ կունենան մասնագիտական ձեռքբերումներ, որովհետև մոտեցումները մի քիչ փոխվել են: Պետք է առաջինը մարդու համար պայմաններ ստեղծել, որովհետև փնթիությունը բերում է ամեն ինչի՝ խարխլված, մաշված, փնթի ոստիկանի»,-ասաց նա:
Ոստիկանապետի խոսքով՝ նոր շենքում նոր պահանջով չի սկսելու, այլ առաջարկելու է իր բոլոր հին պահանջները կատարել, նոր մյուսներին կանցնեն:
Հարցին՝ ինչ գնահատական կտա ոստիկանության զորքերի ներկայիս աշխատանքին, նա պատասխանեց բավարար. «Դժգոհ լինելու այնքան բաներ կան, բայց եթե ղեկավարվենք դժգոհություններով, երբեք ոչինչ չի ստացվի, խրախուսում ենք լավը և փորձում օրինակ ծառայել: Որոշակի փոփոխություններ արդեն իսկ կան ոստիկանի կեցվածքի առումով, մեր համառ պայքարի շնորհիվ կունենաք այն ոստիկանին, որը ուզում էինք»:
Ձեռքբերումների վերաբերյալ Ոստիկանապետը ասաց. «Ինքնագնահատական տալ չեմ ուզում, բայց առաջընթաց ունենք, տեխնիկական հատուկ միջոցներին ավելի լավ են տիրապետում, ավելի մարզված և կազմակերպված են, բայց քաղաքացին պետք է տա ոստիկանի գնահատականը»:
Նախորդող հրապարակում՝ Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը