24/06/2014 09:16
Կառավարությունը, հնարավոր է, չեղյալ համարի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, կառավարությունը չափազանց մոտ է «Որոտան հիդրոկասկադի» վաճառքի գործարքը չեղյալ համարելուն: Ըստ այդմ, վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:
Այս տարվա հունվարի 29-ին Երևանում ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության և ՀՀ կառավարության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, ամերիկյան ընկերությունը 120 մլն դոլար էր վճարելու Որոտանի հիդրոկասկադի համար և ևս 70 միլիոն դոլարի ներդրում պետք է աներ:
Գործարքը, ըստ այդ պայմանագրի, պետք է ավարտված լիներ մինչև ապրիլի կեսը, սակայն մինչ օրս այն չի ավարտվել և գումարը վճարված չէ: Ոչ ամերիկյան կողմը և ոչ էլ ՀՀ կառավարությունը սպառիչ բացատրություններ չեն տալիս, թե ինչ խնդիրներ են ծագել:
Կառավարությունից ստացվող ոչ պաշտոնական տեսակետի համաձայն՝ գործարքը չեղյալ համարելը իրականում ոչ թե տնտեսական, այլ արտաքին քաղաքական և ներիշխանական դրդապատճառներ ունի: Դա Հայաստանի էներգետիկ համակարգի միակ օբյեկտն է, որը պետք է ձեռք բերեր ոչ ռուսական ընկերություն: