25/06/2014 09:16
ԿԲ-ը շուկայից դոլար է գնել, որպեսզի կասեցնի դրամի ամրապնդումը
Վերջին երկու շաբաթներին հայկական դրամի զգալի ամրապնդումը ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությամբ կասեցվել է։ Երեկ ֆոնդային բորսայում սակարկությունները սկսվել են 1 դոլարը 407.50 դրամով և փակվել 408.25 դրամով: Իրականացվել է բավական մեծ 10 միլիոն 400 հազար դոլարի գործարք: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը»:
«Նկատելի է, որ ԿԲ-ն շուկայից դոլար է գնել, որպեսզի կասեցնի դրամի ամրապնդումը: Մոտ երկու շաբաթ առաջ դոլարը տատանվում էր 412-413 դրամի սահմաններում: Վերջին ամիսներին ԿԲ-ն միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որպեսզի դոլարը չանցնի 415 դրամի շեմը, իսկ այժմ սկսել է դոլար գնել, որպեսզի այն ներկայիս փոխարժեքից ցածր չիջնի: Թե ինչով է պայմանավորված դրամի նման կտրուկ արժևորումը. որևէ պաշտոնական պարզաբանում առայժմ չի ներկայացվել»,- հավելել է թերթը: