27/06/2014 11:03
Խոջոյանին նավթամթերք ներարկելը ծանրացուցիչ հանգամանք է Ադրբեջանի համար
Նախօրեին պաշտոնապես հաստատվեցին տարածված այն տեղեկությունները, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձված ու մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին գերության ընթացքում նավթամթերք ու հոգեմետ դեղ են ներարկել:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն, ով զբաղվում է Մամիկոն Խոջոյանի վերաբերյալ Եվրադատարան հայցի ներկայացմամբ, Aysor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գերու արյան փորձաքննության այսպիսի արդյունքները վերին աստիճանի ծանրացուցիչ հանգամենք կլինեն Ադրբեջանի համար:
«Սա, իրենց կողմից, չգիտեմ էլ ինչ բառեր գտնեմ, ամենաստոր քայլն է: Փաստորեն, ապացուցվում են ի սկզբանե եղած այն կասկածները, որ Մամիկոն Խոջոյանի այսպիսի վիճակի մեջ են գցել, որ մահն իրենց մոտ վրա չհասնի, նա վերադառնա հայրենիք ու հետո միայն լինի առողջության վատթարացում: Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձել է ազատել իրեն պատասխանատվությունից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` Եվրադատարան հայց ներկայացնելու առաջին` նախապատրաստական փուլը շուտով կավարտվի: Այս փորձաքննությունների արդյունքները ևս կկցվեն դիմումին.
«Ինչ վերաբերում է հոգեմետ դեղամիջոցի ներարկմանը, պետք է ասեմ, որ դա ընդունված պրակտիկա է: 90-ական թվականներին եղել են դեպքեր, երբ որ այդպիսի դեղեր ներարկում էին գերուն, որպեսզի նա չսովածանա, չհոգնի ու անընդհատ աշխատի: Դրանք իրենցից ներկայացնում են էներգետիկ ներարկումներ, որոնք սկզբում որոշակի չափով բարձրացնում են մարդու աշխատունակությունը, բայց դա տեղի է ունենում օրգանիզիմի ամբողջ ուժը քամելու, այն հյուծելու ճանապարհով: Մենք մի երիտասարդի դեպք ունեինք տարիներ առաջ: Նա Վրաստանի օգնությամբ վերադարձվել էր Հայաստան ու էլի հոգեմետ դեղամիջոցների ներարկում էր արձանագրվել: Նրան հանդիպելուց առաջ մայրը նկարագրում էր, որ ես տեսնելու եմ 1մ 80 սմ հասակով հաղթանդամ մի երիտասարդի, բայց երբ ես տեսա այդ էակին, կուչ եկած, ես անգամ չէի կարող պատկերացնել, որ դա նույն` իր մայրիկի ներկայացրած երիտասարադն է: Անմարդկային քայլ է Ադրբեջանի կողմից»,- ասաց Լ. Ալավերդյանը;
Ինչ վերաբերում է Եվրադատարան հայցի ներկայացման ժամկետներին, Լարիսա Ալավերդյանի խոսքով` դրանց մասին ավելի հստակ կկարողանան ասել մյուս շաբաթ, երբ մանրամասնորեն կուսումնասիրեն փորձաքննությունների արդյունքները:
Նախորդող հրապարակում` «Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում նավթամթերք ու հոգեմետ դեղ են ներարկել»