28/06/2014 11:43
Սահմանի գյուղերի վրա երեկ կրակել են. «Պիտի կրկնակի ուժեղ կրակենք, որ լռեն»
Նախօրեին հակառակորդը երեք ժամ կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար ու Մովսես գյուղերը: Տեղի բնակիչները նշում են՝ այս անգամ կրակոցները սովորականից ուժեղ էին.
«Մեզ մոտ երկու օր առաջ էլ էին կրակում, բայց այսքան ուժեղ չէր: Երեկվա կրակոցները սկսվեցին երեկոյան ժամը 10-ին ու շարունակվեցին մինչև գիշերվա մեկը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը՝ ավելացնելով, որ մի քանի կրակոց եղել է նաև այսօր վաղ առավոտյան:
«Մի քանի կողմից կրակի տակ էր գյուղը: Բնակելի տների վրա էին կրակում: Տանիքներ են վնասվել, պատուհաններ, մի տանն անկողինն է բռնկվել»,- ասաց Արարատ Ավալյանը:
Մովսեսի գյուղապետի խոսքով՝ սահմանային հատվածում կրակոցներից խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթել են այդ հատվածում տեղադրված ականները:
«Այդ հրդեհի ամբողջ ծուխը հիմա լցվել է մեր գյուղը»,- Aysor.am-ին ասաց սահմանամերձ մեկ այլ՝ Այգեպար գյուղի ղեկավար Անդրանիկ Այդինյանը:
Ա. Այդինյանի խոսքով՝ իրենց գյուղի վրա կրակել են կեսգիշերին մոտ.
«Խոշոր տրամաչափի զենքերից էին կրակում բնակելի տների վրա: Հրդեհը չենք կարողանում մարել: Գյուղին կրակմարիչներ են պետք, բազմաթիվ անգամ ասել ենք, բայց՝ չկա: Հետո գազի խողովակն է վնասվել, հիմա փորձում ենք վերանորոգել»,- ասաց Այգեպարի գյուղապետը՝ նշելով, որ վնասվել են նաև բազմաթիվ տանիքներ ու պատուհաններ:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում նույնպես երեքժամյա կրակոցներից պատուհաններ, տանիքներ են վնասվել.
«Ժամը 22-ից մինչև գիշերվա 1-ը կրակել են: Այդ ընթացքում մերոնք պատասխանում էին, ու փոխհրաձգություն էր: Սահմանի հրդեհի ծուխը մեր գյուղ էլ է լցվել»,- պատմեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
«Հիմա վնասն ենք նայում»,- Aysor.am-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
«Մերոնց պատասխանից հետո իրանք լռեցին: Հիմա վիճակը սա է՝ պիտի ի պատասխան կրկնակի ուժեղ կրակենք, որ լռեն»,- ասաց Սամվել Սաղոյանը: