01/07/2014 13:16
Օգոստոսի 1-ից հոսանքը կթանկանա. Ներսում հինգ կոճակ աշխատեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքից դուրս եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն, ով մասնակցում էր Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ նիստին:
«ԱԺ 5 խմբակցության ներկայացուցիչներ այնտեղ էին, ու բոլորս ելույթ ունեցանք: Ելույթ են ունեցել նաև հասարակական կազմակերպությունները և բոլորն առանց բացառության հիմնավորել են չթանկացնելու պահանջը: Ասել ենք, որ դա վնաս է բոլորին և ոչ մի հակադարձ փաստարակ հանձնաժողովի անդամներից և ոչ մեկը չկարողացավ բերել»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորն ավելացրեց, որ թանկացման ոչ հիմնավոր լինելը նիստի ընթացքում իրենք ապացուցել են քաղաքական, տնտեական, ֆինանսական տեսանկյուններից:
«Մենք ներկայացրեցինք փաստեր, որ մինչև հիմա հայտնի չեն եղել, օրինակ, որ Հայաստանը Վրաստանից հոսանք է գնում: Բայց նիստին ներկա չէին ո՛չ ֆինանսների, ո՛չ էներգետիկայի նախարարները: Պարզապես այս կառույցի վրա դրվել է պարտականություն՝ թանկացնել և վերջ: Եվ թող ինձ դատի տան վիրավորելու համար, բայց պիտի ասեմ՝ ներսում չկար հանձնաժողով, կային հինգ կոճակներ, որոնք քվեարկեցին ու օգոստոսի 1-ից հասանքը թանկանալու է 5 դրամով: Ներսում հինգ կոճակ աշխատեց»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նշենք, որ այս պահին ակցիան շարունակվում է: Ակտիվիստները «Նազարյան՝ դավաճան» վանկարկումներով պահանջում են, որպեսզի շենքից դուրս գա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Ակտիվիստները դուրս եկան ՀԾԿՀ շենքից. «Ներսում լիքը տեղ կա»