01/07/2014 12:24
Ակտիվիստները պահանջում են մասնակցություն ՀԾԿՀ նիստին
Սարյան 22-ում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին զուգահեռ՝ շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցի են նախաձեռնել, որի մասին նախապես հայտարարվել էր:
Քաղաքացիները պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիա սակագնի թանկացումը, որի վերաբերյալ այս պահին քննարկումներ են ընթանում: Ակտիվիստները պահանջում են մասնակցել նիստին, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց թույլ չի տալիս՝ պնդելով, որ ակտիվիստները նիստին մասնակցել չեն կարող: «Դահլիճում տեղ չկա, չեն տեղավորվի»,- նշեց Օսիպյանը:
Ակտիվիստները վանկարկում են «Աստիճանները բացեք: Կասե-ցում-կասե-ցում…»
Ակտիվիստներից բացի՝ ակցիային մասնակցում են «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փաստանջյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունից Իշխան Խաչատրյանը, Ինչպես նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով այս պահին բանակցում է Վ. Օսիպյանի հետ:
Օսիպյանը նշեց, որ ինքն այս պահին տեղեկություն չունի՝ նիստն ավարտվել է, թե ոչ, բայց ակտիվիստները չեն կարող նիստին մասնակցել:
Իսկ Լևոն Զուրաբյանը ասաց, որ ակտիվստները այստեղ են եկել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, և անպայման պետք է մասնակցեն նիստին:
Բանակցություններն այս պահին էլ շարունակվում են: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ նիստն ըդհատվի: