01/07/2014 12:02
Սարյան 22-ից բերման է ենթարկվել 1 ակտիվիստ
Սարյան 22-ից առավոտյան բերման է ենրթարկվել մեկ անձ՝ զենք պահելու կասկածանքով, այժմ նա ոստիկանության բաժնում է գտնվում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին զուգահեռ ՀԾԿՀ շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում:
Քաղաքացիները պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիա սակագնի թանկացումը, որի վերաբերյալ այս պահին քննարկումներ են ընթանում: Ակտիվիստները պահանջում են մասնակցել նիստին, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց թույլ չի տալիս՝ պնդելով, որ ակտիվիստները նիստին մասնակցել չեն կարող: «Դահլիճում տեղ չկա, չեն տեղավորվի»,- նշել էր Օսիպյանը:
Ակտիվիստները վանկարկում են «Աստիճանները բացեք: Կասե-ցում-կասե-ցում…»:
Ակտիվիստներից բացի ակցիային մասնակցում են «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փաստանջյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունից Իշխան Խաչատրյանը, Ինչպես նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով այս պահին բանակցում է Վ. Օսիպյանի հետ: