04/07/2014 15:05
Ամբաստանյալ. Լյուքսը վերևից նայում ու մեղադրում է ձեզ
«Ես ցավում եմ, որ ոչ միայն ինձ եմ ցավ պատճառել, այլ նաև իմ ընկերների ընտանիքներին ու նաև ողջ հասարակությանը, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ, հայ զինվորներ»,- Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստին իր պաշտպանական ճառն այս բառերով սկսեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը.
«Ես մարդասպան չեմ ու չեմ կարող կյանքում դիտավորյալ ինչ-որ մեկին վնասել»,- ասաց նա՝ շարունակելով.
«Հասկանում եմ, որ ոչինչ չի տա՝ տուրք տալ, տեղի տալ զգացմունքներին ու առաջնորդվել զայրույթով, ավելի ճիշտ կլինի իրավիճակը սառնասրտորեն գնահատել: Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար, կործանել եմ ընկերներիցս մեկի կյանքը, մեկի առողջությունը, ու քանի որ, հարգելի դատարան, Դուք էլ հասարակության մի մասն եք, խնդրում եմ, որ առաջնորդվեք օրենքով ու լինեք հնարավորին չափ սառնասիրտ: Ինձ նույնիսկ մեղադրում են դիտավորյալ իմ ընկերներից մեկին վնասելու, իսկ մյուսին՝ սպանելու համար, նման բան չի կարող լինել: Իմ ընկերներից երկուսն էլ չեն կիսում այդ կարծիքն ու հիմա իմ մահացած ընկերը վերևից նայում, մեղադրում է ձեզ, քանի որ գիտի՝ այս ամենը դիտավորություն չի եղել, եղել է ընդամենը կատակ, որի հետևանքով էլ նման անդառնալի կորուստ է եղել»:
Ամբաստանյալը խնդրեց դատարանից լինել հնարավորինս սառնասիրտ.
«Օրենքով ինչ հասնում է, դրա համար դատեք, ոչ թե ուրիշ ինչ-որ բանի համար: Ես պատրաստ եմ իմ արածի համար մինչև վերջին օրը նստել, բայց իմ չարածի համար՝ ոչ»:
Նշենք, որ այսօր դատարանը կհրապարակի Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռ:
Նախորդող հրապարակում՝ «Գլխավոր դատախազի հայտարարությունը ազդել է Լյուքս Ստեփանյանի գործի վրա»