04/07/2014 15:24
Վարդան Պետրոսյանի գործով տուժող. Ինքը հարբածի նման ձայներ էր արձակում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է դերասան Պետրոսյան գործով դատավարությունը: Այսօր ցուցմունք տվեց գործով տուժող Արթուր Հակոբյանը, ով իր խոսքում ասաց, որ դեպքի օրը նա իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդից Աշտարակ գնալու ճանապարհին դեպի Աշտարակ թեքվելիս մեքենայից տարօրինակ ձայներ է լսել և կանգնել է ճանապարհից դուրս հատվածում ՝ հասկանալու համար, թե դա ինչ խնդիր է:
Ա. Հակոբյանի խոսքով` ինքը միայն արգելակն ու գազն է սեղմել և կողային հայելիներով տեսել է, որ իրենց ուղղությամբ շատ արագ մեքենա է գալիս` մոտ 150 կմ/ժ. արագությամբ:
«Մտածեցի` թող անցնի, ես հետո դուրս կգամ, ամենաքիչը հարբած մարդու գործ է»,- ասաց նա, նշելով, որ դրանից հետո ոչինչ չի հիշում և ուշքի է եկել միայն հիվանդանոցում և տեսել, որ կողքին մի մարդ է պառկած, և բժիշկներն ասել են, որ դա իր մեքենային հարվածողն է՝ Վարդան Պետրոսյանը, ով հարբած մարդու նման ձայներ է հանել:
«Ես էլ ասացի` կապ չունի, թե ով է, շտապօգնություն կանչեք, ի՞նչ իմանայի, որ երեխաներիս սպանողն է: Իմ պաշտպանը փորձել է հաշտեցնել մեզ, բայց դա ընդամենը խաղ էր` մեր նյարդերի հաշվին: Իրենք անգամ քառասունքի օրը չեն եկել մեզ մոտ, վնասը չեն հատուցել»,- ասաց Ա. Հակոբյանը:
Վ. Պետրոսյանի պաշտպան Ն. Բաղդասարյանի հարցին` արդյոք ճիշտ է նրա նախաքննական ցուցմունքը, Ա. Հակոբյանը ասաց, որ ինքը անգամ իր երեխաների թաղմանը չի մասնակցել, բայց ցուցմունք է տվել:
Նշենք, որ դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում և դատավորը անգամ սանկցիա կիրառեց տուժող Հայկ Հակոբյանի նկատմամբ` նրան դատարանի դահլիճից դուրս բերելով:
Նախորդող հրապարակում` Փորձագետ. Վարդան Պետրոսյանի վարած մեքենան է եղել վթարի պատճառը