08/07/2014 11:31
Շիրակի Ախուրիկ գյուղում կարկուտը բերքից բան չի թողել
Նախօրեին Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում մոտ 40 րոպե կարկուտ է եկել.
«Հիմա վնասի չափ ինչքան էլ ասեմ՝ քիչ կլինի: Ամբողջն է վնասվել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը՝ ավելացնելով.
«Երեկ ժամը 17.00-ից սկեց գալ ու մինչև 17.45: Պիտի ասեմ, որ հակակարկտային կայանները բազմաթիվ կրակոցներ արեցին, բայց դա էլ չօգնեց: Շատ խոշոր էր: Պատկերացրեք այնքան, որ ցանքատարածություններից բացի նաև մարդկանց տների տանիքներն ու պատուհաններն են կոտրվել»,- ասաց Ախուրիկի գյուղապետը՝ ընդգծելով՝ այս տարի համայնքում բավականին առատ բերք էին սպասում:
Վարդիթեր Գասպարյանի խոսքով՝ երեկ կարկուտից տուժած գյուղեր է այցելել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն, ով տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին.
«Մարզպետը խոստացել է, որ հնարավորինս ճշգրիտ կներկայացնի իրավիճակը կառավարությանն ու գյուղնախարարությանը: Մարզպետարանը բյուջետային հիմնարկ է ու այս դեպքում փոխհատուցել չի կարող, բայց մարզպետն ասաց, որ արդեն խոսել է և վարչապետի, և գյուղնախարարի հետ: Հուսանք, փոխհատուցում կլինի»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ Ախուրիկ համայնքն ունի 1243 բնակիչ: Մարդկանց հիմնական զբաղմունքն այստեղ գյուղատնտեսությունն է:
Նախորդող հրապարակում՝ Գյուղապետ. Կարկուտն այնքան ուժեղ էր, որ մեքենայի ապակի է կոտրել