09/07/2014 13:28
Խմելու ջրի սակագինը մնաց անփոփոխ. ՀԾԿՀ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիստում որոշեց անփոփոխ թողնել բնակիչներին մատակարարվող ջրի սակագինը, բայց բարձրացնել մեծածախ սպառողին վաճառվող ջրի սակագինը: Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
«Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Այսինքն՝ արդյունքում ստացվեց, որ մեծածախ ջրամատակարարման համար սակագինը սահմանվեց 17,3 դրամ, կեղտաջրերի հեռացումը 34,625 դրամ, մետրոյի ստորգետնյա ջրերի հեռացումը՝ 9,6 դրամ:
Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։
Հիշեցնենք, որ «Երևանջուր» ընկերությունը դիմել էր հանձնաժողով՝ վերանայելու ջրի սակագները: Քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչը ջրի սակագնի բարձրացումը հիմնականում պայմանավորել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ, սղաճով, արտարժույթի փոփոխություններով:
Քննարկմանը ներկա են եղել նաև ՀԿ ներկայացուցիչներ: