09/07/2014 15:19
«Միգուցե Օսիպյանը ինձ շանտաժ է արել, որ հետո ինձ բռնեն, տանեն, սպանեն»
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը: Այսօր դատարանում շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը:
Նիստի սկզբում Շ. Հարությունյանը ասաց, որ հայտարարություն ունի, սակայն դատավորը առաջարկեց նախ դիտել գործին կցված տեսաերիզը:
Տեսագրությունը դիտելուց հետո պաշտպանական կողմի փաստաբանները դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ կա զննության 2 արձանագրություն, որոնք էականորեն տարբերվում են տեսագրությունից, երթին մասնակցող անձանց թիվը չի գերազանցել 50-ը, իսկ երթը կանգնեցվել է ոստիկանների կողմից մինչև քաղաքացիների՝ Մաշտոցի պողոտա դուրս գալը:
Փաստաբան Ի. Պետրոսյանի խոսքով՝ ոստիկանն է սադրել Շ. Հարությունյանին՝ փաթաթվելով նրա վզին և կոպտորեն խանգարելով երթին մասնակցել:
Շ. Հարությունյանը ասաց, որ քննիչների կողմից համակողմանի ուսումնասիրություն չի կատարվել, հակառակ դեպքում կուսումնասիրվեր այն տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ընկնում իր թևը ու զրուցում իր հետ:
«Միգուցե շանտաժ է արել, որ հետո ինձ բռնեն, տանեն, երեխուս ու ինձ սպանեն: Ես պահանջում եմ, որ Օսիպյանը գա այստեղ»,-ասաց նա: Դատավորը ասաց, որ Վ. Օսիպյանը դատակոչի ցուցակում կա:
Շ. Հարությունյանը ասաց, որ տեսանյութն ուսումնասիրելուն զուգահեռ պետք է հարցաքննել Վ. Օսիպյանին, քանի որ «եթե Վ. Օսպիպյանն իրեն ասել է՝ քեզ տանելու եմ խփեմ, կարող ա ինքը դիմել է ինքնապաշտպանության»:
Նախորդող հրապարակում՝ Գևորգ Կոստանյանը՝ Շանթ Հարությունյանի գործի մասին. Կարող են բողոքարկել
Րաֆֆի Հովհաննիսյան. Շանթ Հարությունյանը ակնհայտորեն քաղբանտարկյալ է