10/07/2014 13:49
Ա. Արզումանյան. Հուսով եմ՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը հավերժ կերկարաձգվի
Այս պահին Լեռնային Ղարաբաղի մաքսակետերի խնդրի բարձրացումը ձեռնտու չէ Ռուսաստանին, այն այժմ փորձում է բոլոր գործընկերների հետ ճշտել հարաբերությունները և հետո պատժել. Ադրբեջանին պատժել` Մաքսային միությանը չանդամակցելու համար, կամ Հայաստանին` անկախ լինելու փորձեր անելու համար: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Հույս ունեմ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը հավերժ կերկարաձգվի և Հայաստանը մաս չի կազմի: Միության երկրներից Ղազախստանն ու Բելառուսը ոչ մի հետաքրքրություն չունեն մեր անդամակցության հետ կապված, իսկ արդեն Ռուսաստանը քաղաքական շահեր ունի. Ուկրաինային կորցնելուց հետո նրանք ամեն ինչ անում են, որ գոնե Ադրբեջանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց պատգամավորը:
Նա կարծում է նաև, որ վերջին շրջանում սահմանի լարվածությունը նույնպես կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետ:
«Ադրբեջանը երբ համոզվի, որ կարող է հարցը լուծել ռազմի դաշտում, նույն օրը պատերազմ կհայտարարի: Սա նշանակում է, որ մենք պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի»,- ասաց Ա. Արզումանյանը:
Ամփոփելով խոսքը` Ա. Արզումանյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կկայանա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, քանի որ սահմանային լարվածությունը մտահոգվելու առիթ է տալիս: