10/07/2014 12:45
ԼՂՀ ոստիկանություն. 14-ամյա բնակչի առևանգման մասին հաղորդում չունենք
ԼՂՀ ոստիկանություն 14-ամյա երեխայի առևանգման մասին որևէ հաղորդում չի ստացվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի՝ այս պահի դրությամբ իրենց կողմից հուլիսի 7-ից միայն որոնվում է անհայտ կորած 1997 թ. ծնված Սմբատ Ցականյանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով:
Aysor.am-ի տեղեկություններով` նախօրեին ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել Քարվաճառի ուղղությամբ: Մասնավորապես երկու ադրբեջանցի անցել են ՀՀ սահմանը: Նրանցից մեկին հայտնաբերել են, իսկ մյուսին հաջողվել է փախուստի դիմել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր տարածված այն տեղեկությունները, թե տեղի ունեցած դեպքերից հետո Քարվաճառում 14-ամյա տղա է կորել:
Նախորդող հրապարակում՝ Աղբյուր. Նախօրեին Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել
«Ադրբեջանցիների կողմից 14-ամյա տղայի գերեվարման լուրը ապատեղեկատվություն է»