10/07/2014 16:10
«Իշխանությունն ավելի շատ վախեցած է քաղաքացիական անհնազանդություններից»
Քաղաքական դաշտը լղոզված է. Որոշ ընդդիմադիրներ սեզոնային են, ոմանք հինգ տարի գտնվում են իշխանական կոալիցիայում, մեկ էլ հայտարարում են, թե ընդդիմություն են: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` ավելացնելով, որ հայտարարությամբ չեն դառնում ընդդիմադիր, այլ՝ առօրյա աշխատանքով ու ժողովրդի գնահատականով է, որ ուժերը դառնում են ընդդիմադիր:
Որպեսզի երկրում տեղի ունենան էական փոփոխություններ, Ա. Արզումանյանը հույսը կապում է քաղաքացիական հասարակության հետ.
«Եթե կա քաղաքացիական հասարակություն, դրա դեմը որևէ մեկը չի կարող առնել, դրա վկայությունն են «արաբական գարունը», Մայդանը, Վարդերի հեղափոխությունը: Այլևս հույս չեմ կապում քաղաքական կուսակցությունների հետ, իմ հույսը երիտասարդ պայքարողներն են»,- ասաց նա` ավելացնելով, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս իշխանությունը վախենում է քաղաքացիական շարժումներից:
«Ոստիկանությունն անցել է ավելի ագրեսիվ մեթոդների, սա նշանակում է, որ իշխանությունն ավելի շատ վախեցած է քաղաքացիական անհնազանդություններից, քան` քաղաքական կուսակցությունների հայտարարություններից»,-ասաց պատգամավորը` ընդգծելով, որ առանց ամբողջական իշխանափոխության հաջողության հասնել հնարավոր չէ:
Դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հայտարարությունը, Ա. Արզումանյանն ասաց, որ խորհրդարանում ԱԺ-ն ունի մեծամասնություն և կարողանում է բոլորին մոբիլիզացնել.
«Այդ պատճառով էլ, չեմ կարծում, թե արտահերթ ընտրություններ կլինեն, քանի որ խորհրդարանական ճգնաժամ չկա: Բայց բոլոր տեսակի արտահերթ ընտրություններին կողմ եմ, որովհետև բոլորն էլ անցկացվել են կեղծիքներով»:
Նախորդող հրապարակում` Ա. Արզումանյան. Հուսով եմ՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը հավերժ կերկարաձգվի